Սեպտեմբերի 29-ին ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ կայացավ առցանց հանդիպում «Հոդված 26 ուսապարկ» հարթակում Հայաստանից ներգրավված ուսանող-առաջնորդների հետ։ Հանդիպման նպատակն էր զարգացնել ուսանողների՝ հարթակի արդյունավետ կիրառման կարողությունները։
Կալիֆորնիայի համալսարանի Article 26 Backpack ծրագրի մասնագետները ներկայացրին Backpack Badge առցանց դասընթացի հնարավորությունները և այն անցնելու ուղեցույցը։
Դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում ուսանողները կարող են ստանալ «Backpack Guide» միկրոհավաստագիր և աջակցել իրենց հասակակիցներին ու շրջանավարտներին՝ հարթակի օգտագործման և կրթական փաստաթղթերի ապահովման գործընթացում։ Դասընթացը հասանելի է Canvas հարթակում և ներառում է տեսանյութեր, հոդվածներ ու թեստեր։
«Հոդված 26 ուսապարկը» թվային հարթակ է, որը տրամադրում է ամպային ծառայություններ՝ ակադեմիական նյութերի պահպանման, կազմակերպման և փոխանակման համար։ Այն ներառում է ուսանողի մասնագիտական ողջ հետագիծը և առաջարկում է մի շարք առավելություններ․
- կրթական և աշխատանքային պատմության անվտանգ պահպանում,
- մասնագիտական ձեռքբերումների կիսման հնարավորություն համալսարանների, կրթաթոշակային գործակալությունների և գործատուների հետ,
- փաստաթղթերի վավերացում միջազգային ճանաչման համար,
- պարբերական տեղեկատվություն նոր ակադեմիական հնարավորությունների մասին,
- փաստաթղթերի անվտանգ փոխանակում ժամանակավոր հղումների միջոցով,
- հասանելիություն ութ լեզվով, այդ թվում՝ հայերենով։
Պլատֆորմը ստեղծվել է Կալիֆորնիայի համալսարանի (Դեյվիս) Մարդու իրավունքների ուսումնասիրությունների պրոֆեսոր և տնօրեն Քիթ Դեյվիդ Ուաթենպաուի կողմից՝ ի սկզբանե նպատակ ունենալով հաղթահարել փախստական և խոցելի խմբերի երիտասարդների կրթական խոչընդոտները։ Այն անվանվել է ի պատիվ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածի, որը սահմանում է կրթության համընդհանուր իրավունքը։
Ներկայումս ավելի քան 5000 ուսանող աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, օգտվում է «Հոդված 26 ուսապարկ» հարթակից։