Դեկտեմբերի 11-ին Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի ունեցավ «Փաստաթղթերի անվտանգ պահպանումը «Article 26 Backpack»-ի միջոցով» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և University of California (Davis) համագործակցության շրջանակներում։
Աշխատաժողովը նվիրված էր «Article 26 Backpack» նորարարական թվային հարթակին՝ որպես անվճար ամպային ծառայություն, որը նախատեսված է օգտատերերի ակադեմիական և մասնագիտական փաստաթղթերի անվտանգ պահպանման, համակարգման և միջազգային փոխանակման համար։ Հարթակը հնարավորություն է տալիս մեկ միջավայրում պահպանել դիպլոմներ, տեղեկագրեր, հավաստագրեր, ինքնակենսագրականներ, մոտիվացիոն նամակներ և այլ կարևոր նյութեր՝ նպաստելով ուսանողների կրթական և մասնագիտական ուղիների նպատակային պլանավորմանը։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և Հայաստանի եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Արման Գրիգորյանը։
Իր ելույթում Վարդուհի Գյուլազյանը նշեց, որ նախաձեռնությունը հիմնված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածի գաղափարական հիմքի վրա՝ կրթությունը դիտարկելով ոչ միայն որպես գիտելիք ստանալու իրավունք, այլ նաև որպես մարդու ամբողջական զարգացման ուղի։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ուսանողի ակադեմիական և մասնագիտական ճանապարհը յուրահատուկ է, և կարևոր է, որ այդ ամբողջ փորձը մեկ հարթակում համակարգված և անվտանգ պահպանված լինի։
Այնուհետև ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախաձեռնության համակարգող Մերի Բարսեղյանը, ինչպես նաև Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ, «Article 26 Backpack» հարթակի ուսանող-առաջնորդ Մեգան Փուսլը (տեսանյութի միջոցով) ներկայացրին «Article 26 Backpack» հարթակը, դրա գործառույթները, ինչպես նաև Backpack Badge ծրագիրը և ուսանողների համար նախատեսված հնարավորությունները։
Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներ Մարիա Կիրակոսյանը և Մարգարիտա Հովհաննիսյանը կիսվեցին հարթակում գրանցվելու, Backpack Badge ծրագիրը հաջողությամբ ավարտելու և Backpack Guide միկրոորակավորում ստանալու իրենց անձնական փորձով։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան։ Ուսանողներին հետաքրքրում էին, մասնավորապես, այն հարցերը, թե ինչով է «Article 26 Backpack»-ը տարբերվում այլ ամպային ծառայություններից, ինչպես է ապահովվում ներբեռնված փաստաթղթերի անվտանգությունը և ինչու է կարևոր վստահել հենց այս հարթակին։ Մերի Բարսեղյանը ընդգծեց, որ թվային ուսապարկը միաժամանակ ապահովում է ակադեմիական փաստաթղթերի անվտանգ պահպանումը և ուսանողների միջազգային կրթական ու մասնագիտական շարժունությունը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին հարթակի առանցքային առավելությունները, որոնք ուղղված են ուսանողների ակադեմիական շարժունության խթանմանը և մասնագիտական ողջ հետագծի ապահովմանը։ Մասնավորապես՝
- Անվտանգ պահպանում․ ներբեռնված փաստաթղթերի պաշտպանությունը ապահովվում է Կալիֆորնիայի համալսարանի ակադեմիական բարձր չափանիշներով։
- Փոխանակում․ ակադեմիական և մասնագիտական ձեռքբերումների անվտանգ փոխանցում համալսարաններին, կրթաթոշակային կազմակերպություններին և գործատուներին՝ ժամանակավոր հղումների միջոցով։
- Զարգացման հնարավորություններ․ տեղեկատվություն նոր կրթական և մասնագիտական ծրագրերի մասին, ինչպես նաև UC Davis-ի շարունակական կրթության վկայական ստանալու հնարավորություն։
- Լեզվական հասանելիություն․ հարթակը գործում է 8 լեզվով, այդ թվում՝ հայերեն։
Նշվեց, որ «Article 26 Backpack»-ը ներկայումս սպասարկում է ավելի քան 5000 օգտատերի տարբեր երկրներում։
«Article 26 Backpack»-ը ստեղծվել է University of California, Davis-ի Մարդու իրավունքների ուսումնասիրությունների պրոֆեսոր և կենտրոնի տնօրեն Քիթ Դեյվիդ Ուաթենպաուի կողմից։ Նախաձեռնության սկզբնական նպատակը եղել է փախստական և խոցելի խմբերի երիտասարդների կրթական խոչընդոտների հաղթահարումը։ Հարթակի անվանումը պայմանավորված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածով, որը սահմանում է կրթության համընդհանուր իրավունքը։