Փետրվարի 18–20-ը տեղի ունեցավ Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ համաժողովը։
Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս նախագիծը նպատակ ունի նպաստել Հայաստանի բուհական կրթության բարեփոխմանը՝ ապահովելով անցում ավանդական ուսումնական ծրագրերից դեպի ապագայամետ, կանաչ և միջդիսցիպլինար կրթական մոտեցումներ, ինչպես նաև խթանելով ուսանողների շարժունությունը։
Ծրագրի համակարգող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը հատուկ ընդգծեց կրթության մեջ մտածողության փոփոխության կարևորությունը՝ նշելով, որ այս ծրագրի նպատակն է նաև խթանել կանաչ տեխնոլոգիաների ներդրումը կրթական ծրագրերում, ինչը կարևոր է ոչ միայն կրթական, այլև տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացի համար։ Ծրագիրը հնարավորություն է տվել հայաստանյան բուհերի միջև ամրապնդել համագործակցությունը՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման և ուսանողների, դասախոսների փոխանակման միջոցով։
Համաժողովի ընթացքում գործընկեր երկրների՝ Հունաստանի, Լիտվայի, Պորտուգալիայի և Լեհաստանի բուհերի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց փորձը տարբեր ոլորտներում կիրառվող «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ։
Ծրագրի հիմնական գործընկերներից է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, որի արդյունքները ներկայացրեց Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։ ՈԱԱԿ-ն իրականացրել է ծրագրի շրջանակում մշակված կրթական ծրագրերի արտաքին գնահատում՝ հիմնվելով համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցումների վրա։ Նախնական գնահատման համար որպես չափանիշներ կիրառվել են են հետևյալ ուղղությունները՝
- իրավական հիմքի համապատասխանություն,
- ուսումնառության վերջնարդունքներ,
- կրթական ծրագիր,
- ընդունելություն և ճանաչում,
- ուսուցում, ուսումնառություն և գնահատում,
- ուսանողական աջակցություն,
- ռեսուրսներ,
- թափանցիկություն և փաստաթղթեր,
- որակի ապահովում։
Գնահատման նպատակն էր ծրագրերը լիովին համապատասխանեցնել եվրոպական որակի ապահովման չափանիշներին՝ ապահովելով դրանց շարունակական բարելավում։
Նշվեց նաև, որ սա կարևոր փորձառություն էր ՈԱԱԿ-ի համար, քանի որ առաջին անգամն էր իրականացվում նախնական գնահատում՝ հիմնվելով միայն փաստաթղթային բազայի վրա։
Այս փորձառությունը կարևոր նշանակություն ունի նաև նախնական հավատարմագրման գործընթացների համար, որը նշված է բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքում։