Հունվարի 30-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում իրականացված վերապատրաստումներից հետո դասընթացավարների առաջին քննարկումը։
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում հունվարի 19-23-ը տեղի են ունեցել վերապատրաստումներ գյուղատնտեսական, բժշկական և ՏՏ ոլորտների ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 80 դասախոսի։ Վերապատրաստումների ավարտից հետո ՈԱԱԿ-ում տեղի է ունեցել դասընթացավարների հանդիպում, որի նպատակն էր ամփոփել վերապատրաստումների ընթացքում իրականացված աշխատանքը, դիտարկել ձեռք բերված արդյունքները և հստակեցնել քոլեջների հետ հետագա աշխատանքների տրամաբանությունը։
Քննարկման ընթացքում դասընթացավարներն անդրադարձան մասնակիցների հետազոտական աշխատանքի կազմակերպման մոտեցումներին՝ կարևորելով հետազոտական գործընթացի փուլային և համակարգված իրականացումն ուսումնական գործընթացում։ Ընդգծվեց, որ հետազոտական աշխատանքը կարող է իրականացվել նույն խնդրի շուրջ՝ տարբեր տվյալների կամ կիրառման միջավայրերի փոփոխությամբ, ինչը թույլ է տալիս համադրել միասնական մոտեցումը և անհատական կամ խմբային աշխատանքը։
Հանդիպման ընթացքում քննարկվեց հետազոտական ամբողջական ցիկլի կիրառման անհրաժեշտությունն՝ սկսած խնդրի ձևակերպումից և տվյալների աղբյուրների ընտրությունից մինչև վերլուծություն և եզրակացությունների ներկայացում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց գործնական բաղադրիչին և ուսումնական գործընթացի կապին իրական մասնագիտական միջավայրի հետ՝ ոլորտային առանձնահատկությունները հաշվի առնելով։
Հանդիպման ավարտին սահմանվեցին հետագա քայլերը, մասնակիցների հետ աշխատանքի ձևաչափերը և առաջադրանքների իրականացման ժամանակացույցը՝ նպատակ ունենալով ապահովել գործընթացի շարունակականությունն ու կայունությունը։