Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 22-ին ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում իրականացրել է որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում։
Մշտադիտարկման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել բուհի ղեկավարության, որակի ապահովման պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների և ուսանողների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) ներքին աուդիտի իրականացման ընթացքը և արձանագրված արդյունքները։ Անդրադարձ է կատարվել նաև հավատարմագրման գործընթացների արդյունքում ուսումնական հաստատությունում իրականացված փոփոխություններին, ինչպես նաև բարելավման պլանի կատարման ընթացքին։
Քննարկումների ընթացքում շեշտադրվել է ուսումնառության բոլոր վերջնարդյունքների ամբողջական ձեռքբերման և դրանց գնահատման ապահովման կարևորությունը՝ ընդգծելով, որ դիպլոմը պետք է հավաստի սահմանված բոլոր վերջնարդյունքները ձեռք բերած ուսանողի ուսումնառության արդյունքները։ Կարևորվել է դասավանդման, գնահատման և վերջնարդյունքների միջև հստակ ու տրամաբանական կապի ապահովումը, ինչպես նաև գնահատման ձևերի և չափանիշների համապատասխանությունն ու թափանցիկությունը։
Մշտադիտարկման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային թեմաներ, այդ թվում՝
- Բուհի ռազմավարական զարգացման տեսլականը և պլանավորումը․ դիտարկվել է ռազմավարական ծրագրի իրականացման արդյունավետությունը և ՊԻԳԲ շրջափուլի ամբողջական կիրառումը։
- Մասնագիտական կրթական ծրագրերի բովանդակային բարելավումը․ անդրադարձ է կատարվել ծրագրերի վերանայման գործընթացներին, կրեդիտների բաշխմանը, կամընտրական դասընթացների ծավալի մեծացմանը և ուսանողների անհատական կրթական հետագծերի ձևավորման հնարավորություններին։
- Ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերումը և գնահատման մեթոդաբանությունը․ շեշտադրվել է սահմանված բոլոր վերջնարդյունքների գնահատման կարևորությունը, գնահատման չափանիշների կիրառման և ինքնուրույն աշխատանքների ստուգման արդյունավետությունը։
- Կրթություն–աշխատաշուկա կապը և գործնական հմտությունների զարգացումը․ քննարկվել են պրակտիկայի կազմակերպման արդյունավետությունը, գործատուի միջավայրից բխող առաջադրանքների կիրառումը, գործատուների հետ համագործակցությունը և շրջանավարտների մրցունակությունը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում։
- Հետազոտական գործունեության համակարգումը և կապը ուսումնական գործընթացի հետ․ կարևորվել է հետազոտական և կրթական գործունեությունների փոխկապակցվածությունը, քննարկվել են դասախոսների հետազոտական գործունեության խրախուսման մեխանիզմները և ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում։
- Որակի ներքին ապահովման համակարգի գործունեությունը․ անդրադարձ է կատարվել որակի ապահովման գործընթացների ազդեցությանը կառավարչական որոշումների վրա, տվյալների հավաքագրման և վերլուծության մեխանիզմներին, ինչպես նաև լավ փորձի տարածման մշակույթի ձևավորմանը։
- Շահակիցների ներգրավվածությունը և հետադարձ կապը․ քննարկվել է ուսանողների և դասախոսների մասնակցությունը որակի ապահովման գործընթացներին, շահակիցների կարիքների վերհանման կիրառվող գործիքակազմը և դրանց հիման վրա իրականացվող փոփոխությունները։
- Բենչմարքինգի և միջազգայնացման գործընթացները․ անդրադարձ է կատարվել տեղական և միջազգային բուհերի հետ համեմատական վերլուծությունների իրականացմանը և դրանց արդյունքներով ծրագրային բարելավումների անհրաժեշտությանը։
Մշտադիտարկման ավարտին բուհի ղեկավարության հետ ամփոփվել են ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ձեռքբերումներն ու զարգացման հնարավոր ուղղությունները։