Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Կրթական ծրագրերի ներքին աուդիտ» նախագծի թեմատիկ հետազոտական խմբերի մեկնարկային հանդիպումը։ Այն ՈԱԱԿ նախաձեռնությամբ մեկնարկած մասնագիտական քննարկումների շարունակությունն էր՝ ուղղված բուհերում մասնագիտական կրթական ծրագրերի ներքին աուդիտի գործնական մեխանիզմների ձևավորմանը։
ՄԿԾ-ների ներքին աուդիտը ամրագրված է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշումներում, և հաջորդ ինստիտուցիոնալ հավատարմագրմանը դիմելիս բուհերը պարտավոր են ներկայացնել իրենց բոլոր կրթական ծրագրերի ներքին աուդիտի արդյունքները։ Այս համատեքստում աշխատաժողովի նպատակն էր նախկինում քննարկված մոտեցումները տեղափոխել գործնական հարթություն և մշակել տվյալահեն գործիքներ՝ ուսանողների ծանրաբեռնվածության, կրեդիտների բաշխման և կրթական ծրագրերի վերջնարդյունքների արդյունավետ հավաստման համար։
Աշխատաժողովը համախմբել էր բուհերի ղեկավարների, կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և որակի ապահովման մասնագետների՝ քննարկելու կրթական ծրագրերի վերջնարդյունքների, ուսանողների իրական ծանրաբեռնվածության, գնահատման գործիքների և կրեդիտների բաշխման փոխկապակցվածությունը։
Փաստաթղթերից՝ աշխատող մեխանիզմների
Բացման խոսքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը անդրադարձավ բուհական կրթական ծրագրերում առկա հիմնարար խնդրին՝ փաստաթղթային ձևակերպումների և դրանց գործնական կիրառման միջև առկա անհամապատասխանությանը։ Նրա խոսքով՝ կրթական ծրագրերն ու առարկայական նկարագրությունները հաճախ մշակվում են մանրամասն, սակայն չեն գործում որպես իրականում կիրառվող և պարբերաբար վերանայվող գործիքներ։
«Փաստաթուղթը պետք է աշխատի։ Այն պետք է ուսումնասիրվի, վերլուծվի և բարելավվի, այլ ոչ թե պարզապես պահպանվի որպես ձևական պահանջ»,– ընդգծեց նա։
Ռուբեն Թոփչյանը նշեց, որ տարիների ընթացքում կրթական ծրագրերի վերջնարդյունքները հաճախ վերանայվել են անհատական մակարդակում՝ առանց համակարգային վերլուծության։ Արդյունքում խաթարվել է վերջնարդյունք–գնահատում–կրեդիտ փոխկապակցվածությունը, իսկ կրթական գործընթացը դարձել է կախված անհատական մոտեցումներից։
Դասախոսի ժամանակը՝ որակի առանցքում
Աշխատաժողովի առանցքային շեշտադրումներից մեկը դարձավ դասախոսների աշխատանքի կազմակերպման և վարձատրության հարցը։ Ռուբեն Թոփչյանը շեշտեց, որ որակյալ կրթություն հնարավոր չէ ապահովել, եթե դասախոսից ակնկալվում է բարդ և ժամանակատար աշխատանք՝ առանց դրա համար համապատասխան պայմանների ստեղծման։
«Եթե ակնկալում ենք, որ դասախոսը կզարգացնի առաջադրանքների համակարգ, կապելու է դրանք վերջնարդյունքների հետ, ապահովելու է հետադարձ կապ և գնահատման հուսալի գործիքներ, ապա նրա վարձատրության սկզբունքը նույնպես պետք է փոխվի։ Դասախոսը պետք է վարձատրվի իր իրական աշխատանքի համար»,– նշեց նա։
Նրա խոսքով՝ կրեդիտը պետք է դիտարկվի երկկողմանի՝ մի կողմից որպես ուսանողի իրական ծանրաբեռնվածության չափման միավոր, մյուս կողմից՝ որպես դասախոսի աշխատանքի ժամանակի և պատասխանատվության հաշվարկման հիմք։
Ծրագրային հավատարմագրումը՝ արդյունքահեն մոտեցում
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նախագահ Վաչե Գաբրիելյանն իր ելույթում ընդգծեց, որ ծրագրային հավատարմագրումը հիմնված է արդյունքների վրա և կենտրոնանում է այն հարցի շուրջ, թե ինչ կարողություններ են ձեռք բերում ուսանողները կրթական ծրագրի ավարտին։
«Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել կրթական ծրագրերի որակը, այլև բարձրացնել ուսանողների գիտելիքների հավաստիությունը և խթանել շարժունակությունը»,– նշեց նա՝ կարևորելով նման մասնագիտական քննարկումների դերը։
Պանելային քննարկումներ․ համակարգված խնդիրներ և լուծումներ
Աշխատաժողովի ընթացքում անցկացվեցին երկու պանելային քննարկումներ։ Առաջին պանելում քննարկվեց կրեդիտների բաշխման արդյունավետությունը և ուսանողների ծանրաբեռնվածության հարցը։ Մասնակիցները արձանագրեցին, որ կրեդիտների հաշվարկը հաճախ իրականացվում է մեխանիկորեն՝ առանց իրական առաջադրանքների և դրանց պահանջած ժամանակի հաշվարկի։
Քննարկման ընթացքում շեշտվեց, որ ուսանողը կրեդիտը պետք է «վաստակի» հստակ սահմանված առաջադրանքների միջոցով, իսկ դասախոսը պետք է ունենա հնարավորություն այդ առաջադրանքները մշակելու մտածված և համակարգված ձևով։ Առանց հստակ գործիքների՝ բուհերը չեն կարող հիմնավորված գնահատել վերջնարդյունք–կրեդիտ կապը։
Երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր վերջնարդյունքների ձեռքբերմանն ու դրանց հավաստմանը։ Մասնակիցները կարևորեցին առաջադրանքների նախագծման որակը, դասընթացների միջև փոխկապակցվածությունը և թիմային աշխատանքը։ Շեշտվեց, որ վերջնարդյունքները չեն կարող ապահովվել մեկ առարկայի կամ մեկ դասախոսի շրջանակում․ դրանք պահանջում են ամբողջ կրթական ծրագրի համակարգված կառուցվածք։
Տվյալահենք բարելավում՝ որպես հաջորդ քայլ
Աշխատաժողովի ավարտին ներկայացվեց նախագծի ճանապարհային քարտեզը։ Առաջիկա վեց ամիսների ընթացքում թեմատիկ աշխատանքային խմբերը կաշխատեն մշակել միասնական գործիքներ և մեթոդաբանություն՝ կրեդիտների բաշխման, ուսանողների ծանրաբեռնվածության և վերջնարդյունքների գնահատման համար։ Մշակված մոտեցումները կփորձարկվեն տարբեր բուհերում, իսկ ստացված տվյալների հիման վրա կկատարվեն անհրաժեշտ բարելավումներ։