Նոյեմբերի 5-ին ՈԱԱԿ-ը մասնակցել է Ակադեմիական ազնվության գլոբալ ցանցի (GAIN) հերթական հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ակադեմիական ազնվության ապահովմանն ու խախտումների կանխարգելմանը վերաբերող արդիական խնդիրներ։
Զեկույցներում ներկայացվել են կրթական միջավայրում ոչ ազնիվ վարքի տարածվածության, պատճառների և ազնվության մշակույթ ձևավորելու արդյունավետ մոտեցումների վերաբերյալ նոր տվյալներ։ Քննարկվել են ինչպես գրագողության, այնպես էլ պատվերով աշխատանքների երևույթները, դրանց դրսևորման առանձնահատկությունները և կրթական հաստատությունների արձագանքման հնարավոր ձևաչափերը։
Նոր Զելանդիայի համալսարանների կողմից ներկայացված հետազոտությունը վկայել է, որ թեև ուսանողների մեծ մասը դրական վերաբերմունք ունի ազնվության մշակույթի հանդեպ, նրանց զգալի մասը երբեմն ներգրավվում է ակադեմիական ազնվությունը խախտող վարքի դրսևորումներում։ Զեկույցում առաջարկվել է բազմամակարդակ մոտեցում՝ ներառելով անհատական պատասխանատվության ձևավորում, դասընթացային կանխարգելիչ մեխանիզմներ և համալսարանական մակարդակով իրազեկման միջոցառումներ։
Ավստրալական համալսարանի ներկայացրած քսանամյա կտրվածքով կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել գրագողության դեմ պայքարի միտումները՝ մատնանշելով, որ կրթական քաղաքականությունները և գնահատման արդյունավետ մեթոդները նպաստում են ակադեմիական ազնվության խախտումների նվազեցմանը։
Եվրոպական երկրների մասնակցությամբ իրականացված մեկ այլ ուսումնասիրություն անդրադարձել է ուսանողների իրազեկության մակարդակին կրթական անազնվության վերաբերյալ։ Արդյունքները վկայել են, որ ակադեմիական ազնվության խախտումների տեսակների մասին գիտելիքները դեռ սահմանափակ են, իսկ ամենատարածված ձևը շարունակում է մնալ գրագողությունը։ Զեկույցում շեշտվել է ուսանողների պատրաստվածության բարձրացման, ինչպես նաև արհեստական բանականության պատասխանատու օգտագործման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին ամփոփվել են ցանցի անդամների գործունեության արդյունքները և հաստատվել 2026 թվականի հանդիպումների ժամանակացույցը։