Հոկտեմբերի 3-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ վերապատրաստում-քննարկում բժիշկ-փորձագետների հետ՝ ՄԿՈՒ հաստատություններում առաջիկայում մեկնարկող ծրագրային հավատարմագրման աշխատանքների շրջանակում։
Քննարկման առանցքում էր քոլեջներում բուժքույրերի պատրաստումը, մասնավորապես՝ ինչպես ապահովել, որ ուսանողները հասնեն պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին։ Մասնագետները կարևորեցին բուժքույրերի մասնագիտական վարքականոնի և պատասխանատվության ձևավորումը հենց ուսուցման փուլից՝ ընդգծելով, որ բուժքրոջ յուրաքանչյուր գործողության հետևում մարդու կյանք է։
Անդրադարձ եղավ նաև ուսուցման ժամանակակից միջոցներին․ մասնագետները կարևորեցին մուլյաժների կիրառումը, իրավիճակային առաջադրանքներով ուսուցումը, ինչպես նաև հմտությունների ստուգումը՝ գնահատման թերթիկների և սահմանված չափանիշների միջոցով։
Ընդգծվեց, որ ուսուցման միջավայրը պետք է հնարավորինս մոտ լինի իրական աշխատանքային պայմաններին, իսկ գործատուն պետք է կարևոր դերակատարություն ունենա ուսանողների պատրաստման գործընթացում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Քույրական գործ» մասնագիտության պետական կրթական չափորոշչին։ Փորձագետները առանձնացրին այն մասնագիտական կարողությունները, որոնք համարում են առաջնային բուժքրոջ աշխատանքում։ Քննարկվեց նաև, թե ինչպես կարող է փորձագետը փաստերի ուսումնասիրության միջոցով հավաստիանալ, որ յուրաքանչյուր վերջնարդյունքի ձեռքբերումն ապահովված է։
Բացի այդ, մասնագետներն անդրադարձան Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրին՝ քննարկելով հետազոտական մտածողության դերը բուժքրոջ պրակտիկ աշխատանքում և այն ուղղությունները, որտեղ անհրաժեշտ է հմտությունների հետագա զարգացում։