Օգոստոսի 28-29-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) կազմակերպվեց բժշկական ոլորտի մասնագետների վերապատրաստում։ Նպատակն էր մասնագետներին պատրաստել՝ ներգրավվելու հինգ բժշկական քոլեջներում մեկնարկելիք ծրագրային հավատարմագրման գործընթացներում։
Վերապատրաստման շրջանակում անդրադարձ կատարվեց ուսումնառության վերջնարդյունքների պարբերական ստուգման և գնահատման սկզբունքներին։ Քննարկվեց գնահատման չափանիշների և ռուբրիկների մշակման կարևորությունը՝ ապահովելու ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչների ներառումը։ Նշվեց նաև, որ նույն վերջնարդյունքի ստուգումը նպատակահարմար է կազմակերպել տարբեր առարկաների շրջանակում և բազմազան գործիքների կիրառմամբ՝ ուսանողի պատրաստվածության ամբողջական պատկերը ստանալու համար։
Շեշտադրվեց նաև ուսումնառության վերջնարդյունքների քարտեզագրման անհրաժեշտությունը։ Քոլեջները պետք է հստակ պլանավորեն, թե որ վերջնարդյունքը որ փուլում է գնահատվելու և ինչ մակարդակում։ Կարևորվեց այն սկզբունքը, որ մինչև որակավորում շնորհելը ուսումնական հաստատությունը պետք է վստահ լինի, որ ուսանողները տիրապետում են սահմանված վերջնարդյունքներին։
Գործնական հատվածում մասնակիցները վերլուծեցին «Քույրական գործ» կրթական ծրագրի վերջնարդյունքները, սահմանեցին դրանց առաջնահերթություններն իրենց տեսանկյունից և քննարկեցին դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ պայմաններն ու գնահատման գործիքակազմը։ Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին նաև հետևյալ հարցերը․
- ինչպես կազմակերպել ուսուցումը՝ հաշվի առնելով գործատուի պահանջներն ու մասնագիտական միջավայրի առանձնահատկությունները,
- ինչ չափանիշներով և մեթոդներով գնահատել ուսանողի առաջընթացը,
- ինչպիսի մոտեցումներ կիրառել ուսանողի ուսումնառության դժվարությունների դեպքում,
- երբ և ինչպես տրամադրել ուսանողին կառուցողական հետադարձ կապ։