Հունիսի 3-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն առցանց մշտադիտարկում իրականացրեց Մարտունու պետական բժշկական քոլեջում: Առանցքում քոլեջի բարելավման ռազմավարության ուղղություններն էին նախորդ հավատարմագրման արդյունքների հիման վրա։
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի տարբեր շահակիցների, այդ թվում՝ տնօրենի, տնօրենի տեղակալների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման համակարգի պատասխանատուի հետ։ Քննարկման առանցքային ուղղություններն էին՝
- Մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) վերանայում և արդիականացում՝ համահունչ աշխատաշուկայի պահանջներին և մասնագիտական համայնքի, հատկապես գործատու-դասախոսների և բժշկական հաստատությունների արձագանքներին։
- Բժիշկ-դասախոսների ներգրավման խթանում՝ ուսուցման պրոցեսում պրակտիկ փորձի և իրական աշխատանքային իրավիճակների ընդգրկմամբ։
- Ընտրովի առարկաների ներդրում՝ ուղղված առողջապահական ոլորտում նոր առաջացող պահանջներին արձագանքելուն։
- Միջազգային համագործակցության նոր եզրերի որոնում և ՄԿԾ-ների համեմատական վերլուծություն՝ միջազգային փորձի կիրառման նպատակով։
- Հաշվետվությունների ձևաչափերի վերանայում՝ ռազմավարական կառավարման գործընթացների արդյունավետությունն ապահովելու և վերլուծությունն ամրապնդելու նպատակով՝ հիմնվելով չափելի ցուցանիշների վրա։
- Դասախոսական կազմի խրախուսման մեխանիզմների վերանայում՝ հիմնված սահմանված որակական չափորոշիչների վրա։
- Հասարակական պատասխանատվության դրսևորում և մասնագիտական կարողությունների զարգացման նախաձեռնություններ՝ մասնավորապես մանկապարտեզներում աշխատող բուժքույրերի վերապատրաստման ուղղությամբ։
- Ուսանողներին տրամադրվող մասնագիտական առաջադրանքների կիրառություն բժշկական միջավայրի համատեքստում՝ միտված մասնագիտական և վերլուծական կարողությունների ձևավորմանը։
- Օտար լեզուների իմացության բարելավման ուղղությամբ դասընթացների իրականացում՝ ուսանողների և դասախոսների մասնագիտական հաղորդակցման կարողությունների բարձրացման և միջազգային համագործակցության ընդլայնման նպատակով։
Նշենք, որ 2025 թվականին 5 բժշկական ուսումնական հաստատություններում մեկնարկելու է ծրագրային հավատարմագրում՝ «Քույրական գործ» ՄԿԾ-ների շրջանակներում։ Ծրագրային հավատարմագրում անցնող 5 ուսումնական հաստատություններից մեկը Մարտունու պետական բժշկական քոլեջն է։