Հարգելի՛ ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ,
Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Աշխարհը փոխվում է անհավանական արագությամբ․ արհեստական բանականությունը, լայնածավալ թվայնացումը և գլոբալ միտումները վերաձևում են մեր կյանքն ու աշխատանքը։ Բայց այս փոփոխությունների առանցքում մարդն է՝ իսկական մասնագետը։
Տեխնոլոգիան գործիք է, մարդն է արժեք ստեղծողը։ Այս արագ փոփոխություններին դիմագրավելու համար մեզ պետք է ճկունություն, արագ սովորելու, հարմարվելու և արհեստական բանականության հետ համագործակցելու կարողություն՝ առանց կորցնելու մեր արժեքային կողմնորոշումը։
Հայաստանին պետք են երիտասարդներ, ովքեր նորարարությունը կմիավորեն խորքային մասնագիտական գիտելիքի, քննադատական մտածողության, արժեքային հիմքի և պատասխանատվության հետ։
Սիրելի՛ ուսանողներ, դուք եք այս ճանապարհի կենտրոնում։ Ձեր հարցերը, համարձակությունը և թիմային աշխատանքը կձևավորեն մեր երկրի ապագան։ Մի՛ վախեցեք փորձերից: Արագ փորձե՛ք, արագ սովորե՛ք, արագ շտկե՛ք. սա է արհեստական բանականության դարաշրջանի ճկուն սովորողի ռիթմը:
Սիրելի՛ դասախոսներ, ձեր առաքելությունն է ոչ միայն փոխանցել գիտելիք ձեր փորձով, այլև ձևավորել ճկունության մշակույթ։ Մեր նպատակը մեկն է՝ համատեղ ձևավորել որակի և պատասխանատվության վրա հիմնված կրթական միջավայր, որը չի սահմանափակվում լսարանով կամ վիրտուալ հարթակով, այլ դառնում է գիտելիքի, պրոֆեսիոնալիզմի և համագործակցության նոր մշակույթ։
Թող այս տարին լինի համարձակ նախաձեռնությունների, միջդիսցիպլինար համագործակցության, արհեստական բանականությամբ հզորացված լուծումների, ճկուն ու ստեղծարար նվաճումների տարի։
Շնորհավոր Սեպտեմբերի 1։
Ռուբեն Թոփչյան
ՈԱԱԿ տնօրեն