Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) «Ուսանողության ձայն» նախագծի չորս ուսանողներ մրցութային ընտրության արդյունքում ընդգրկվել են Եվրոպական ուսանողական միության (ESU) որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում։ Առաջին անգամ է, որ Հայաստանը միանգամից չորս ուսանողով է ներկայացված այս հարթակում։
ESU-ի որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում ամեն տարի ընդգրկվում է շուրջ 90–100 ուսանող տարբեր եվրոպական երկրներից։ Նրանք հնարավորություն են ստանում մասնակցելու որակի ապահովման լայնածավալ գործընթացների՝ սկսած բուհերի արտաքին գնահատումից մինչև որակի ապահովման գործակալությունների գնահատում։
Նշենք, որ Հայաստանից ընտրված ուսանողները մինչ այս ակտիվորեն ներգրավված են եղել ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրման գործընթացներում՝ որպես ուսանող-փորձագետներ։ ESU-ի որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում ընդգրկվելը նրանց հնարավորություն է տալիս իրենց փորձը կիրառել միջազգային ասպարեզում և միջազգային փորձն էլ տարածել իրենց ուսումնական հաստատություններում։
Հայաստանը ESU որակի ապահովման խմբում առաջիկա տարվա ընթացքում կներկայացնեն․
- Արթուր Դավթյան – Երևանի պետական համալսարանի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող, ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի ուսանող ներկայացուցիչ։ Արթուր Դավթյանը Եվրոպական ուսանողական միությունում Հայաստանը ներկայացրել է նաև նախորդ երկու տարիներին, իսկ այս տարի վերընտրվել է արդեն երրորդ անգամ,
- Արտակ Խաչատրյան – Հայաստանի եվրոպական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանող,
- Մարիա Կիրակոսյան – Հայաստանի եվրոպական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանող,
- Վովա Արզումանյան – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Սցենարադրամատուրգիական արվեստ» կրթական ծրագրի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող։
Նշենք՝ մինչ այս «Ուսանողության ձայն» ծրագրի թվով ութ ուսանող-փորձագետներ տարբեր տարիների անդամակցել են ESU ուսանող-փորձագետների բազային և հաջողությամբ մասնակցել միջազգային գնահատումների։