Առաջիկայում արտաքին գնահատման նպատակով փորձագիտական այց տեղի կունենա Կապանի և Գավառի արվեստի պետական և Մեղրիի պետական քոլեջներ։ Սեպտեմբերի 12-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում երեք քոլեջների փորձագիտական խմբերի, ՈԱԱԿ տնօրենի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի և համակարգողների մասնակցությամբ։
Օրակարգում նախնական գնահատման արդյունքներն էին և հիպոթեզները, որոնցով փորձագետներն առաջնորդվելու են արտաքին գնահատման ընթացքում։ Քննարկվեց, թե`
- որքանով է հավատարմագրվող ՄՈՒՀ-երի գործունեությունը միտված տարածաշրջանի կարիքների բավարարմանը,
- ինչ խնդիրներ են դուրս բերել փորձագետները, որոնք կարևոր են ուսանողի շահի տեսանկյունից,
- ինչպես են տեսնում փորձագետներն իրենց արձանագրած խնդիրների լուծումը՝ հաշվի առնելով նաև ՄՈՒՀ-ի գործունեության համատեքստը։
Շեշտադրվեց, որ ՄՈՒՀ-ի յուրաքանչյուր գործողություն՝ սկսած ֆինանսների պլանավորումից, մինչև ռեսուրսների ձեռքբերում և նոր կադրերի ներգրավում, պետք է միտված լինի ուսանողի մոտ սահմանված վերջնարդյունքների ձեռքբերման ապահովմանը։ Եվ արտաքին գնահատման ժամանակ կարևոր է ՄՈՒՀ-ի գործընթացները դիտարկել այդ համատեքստում։
Կարևորվեց, որ փորձագետները ոչ միայն փաստեր և դրանցից բխող խնդիրներն արձանագրեն, այլև վերլուծեն պատճառահետևանքային կապերը և գործնականում կիրառելի, պրակտիկ լուծումներ առաջարկեն։
Անդրադարձ կատարվեց նաև արվեստի ոլորտում մասնագետներ պատրաստելու առանձնահատկություններին, դասախոսների ներգրավման և կայունության ապահովման դժվարություններին։