Մայիսի 13-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացավ Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից կազմակերպված գործընկերային այցը՝ Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման ֆորումի շրջանակում։ Այցի ուսումնասիրման հիմնական թեման էր աշխատանքի վրա հիմնված ուսուցման (Work-Based Learning) որակի ապահովումը։
Հայաստանից այցին մասնակցեց ՈԱԱԿ-ի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Եռօրյա այցի ընթացքում գործընկերներն աշխատանքային օրակարգի շրջանակում մասնակցեցին քննարկումների՝ Հյուսիսային Մակեդոնիայի ազգային և ոլորտային կառույցների, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների, գործատուների, ուսուցիչների, մենթորների և այլ կարևոր շահակիցների հետ։
Գործընկերները ուսումնասիրեցին Հյուսիսային Մակեդոնիայի աշխատանքի վրա հիմնված ուսուցման որակի ապահովման գործընթացները, այդ թվում՝ կրթության և աշխատաշուկայի համագործակցության մոդելները, տվյալների հավաքագրման և վերլուծության գործիքակազմը և այլ բաղադրիչներ։ Այցի ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց խորհրդատվությունները՝ ուղղված աշխատանքի վրա հիմնված ուսուցման շարունակական բարելավմանը՝ հիմնվելով թե՛ տեղում իրականացված դիտարկումների, թե՛ նախապես պատրաստված ազգային զեկույցի ուսումնասիրման վրա։
Միջազգային գործընկերներն իրենց հերթին ներկայացրին իրենց երկրների փորձն աշխատանքի վրա հիմնված ուսուցման և դրա որակի ապահովման ուղղությամբ՝ անդրադառնալով առկա մարտահրավերներին և կիրառվող լուծումներին։
Նմանատիպ միջազգային փոխանակման հարթակները խթանում են մասնագիտական կրթության և ուսուցման համակարգերի շարունակական կատարելագործումը և ազգային ռազմավարությունների հարմարեցումը փոփոխվող աշխարհաքաղաքական և տնտեսական իրողություններին։