Նպատակն է կրթել սերունդ, որը կկարողանա հետազոտել, վերլուծել և բարելավել իրական աշխատանքային միջավայրի գործընթացները։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «ՄԿՈւ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագիրը։
Նախաձեռնության շրջանակներում վերապատրաստումներ կանցնեն բժշկական, գյուղատնտեսական և ՏՏ ոլորտի քոլեջների դասախոսները։ Ծրագրի նպատակն է զարգացնել ՄԿՈւ դասախոսների գործնական, հետազոտական հմտություններն ու թվային կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն վերանայել և արդիականացնել կրթական ծրագրերն ու դասընթացների նկարագրերը՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի պահանջներին և Որակավորումների ազգային շրջանակին։
Գործընթացի նպատակն է միջին մասնագիտական կրթության համակարգում պատրաստել այնպիսի մասնագետներ, ովքեր ոչ միայն տիրապետում են մասնագիտական հմտություններին, այլև ունեն հետազոտողի մտածողություն, վերլուծական մոտեցում և կարող են արագ հարմարվել փոփոխվող աշխատաշուկայի պահանջներին։
Այս օրերին վերապատրաստող մասնագետները պարբերաբար հանդիպում-քննարկումներ են ունենում ՈԱԱԿ մասնագետների հետ․ մշակվում են դասընթացի նյութերը և հստակեցվում են վերջնարդյունքների ապահովման ուղիները։ Արդեն հաջորդ շաբաթ կմեկնարկեն նախնական վերապատրաստումները՝ փորձնական սեմինարների ձևաչափով։ Դրանք կծառայեն որպես հիմք դասընթացի նյութերը կատարելագործելու և բուն վերապատրաստման մեկնարկին պատրաստվելու համար։
ՈԱԱԿ-ը շնորհակալություն է հայտնում Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամին՝ այս կարևոր նախաձեռնությունը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև բոլոր նվիրված մասնագետներին, ովքեր իրենց փորձով նպաստում են ծրագրի հաջող ընթացքին։