Նոյեմբերի 21-ին ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Էրազմուս+ QA4VET ծրագրի մասնակից ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման հիմնական թեման ՄԿԾ-ների քարտեզագրումն էր։
Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կիրականացնի մեկ ՄԿԾ-ի դասավանդման մեթոդների և վերջնարդյունքների գնահատման քարտեզագրում, ինչին կհաջորդեն SWOT վերլուծությունն ու փորձնական արտաքին գնահատումը։
Հանդիպման ընթացքում հստակեցվեց, թե որ ՄԿԾ-ն է յուրաքանչյուր հաստատություն քարտեզագրելու, ինչպես նաև՝ ինչ սկզբունքներով պետք է ձևավորվի աշխատանքային խումբը։
Ընդգծվեց, որ ՄԿԾ-ի քարտեզագրումը որակի ներքին ապահովման համակարգի առանցքային բաղադրիչ է, որը հնարավորություն է տալիս․
- վերհանել վերջնարդյունքների գնահատման գործընթացում առկա խնդիրները,
- բարելավել կրթական ծրագրերը և բարձրացնել շնորհվող որակավորումների արժանահավատությունը,
- զարգացնել ներուժ՝ ՄԿԾ-ների ինքնուրույն մշակման և ներդրման համար,
- կուտակել փորձ և պատրաստվել հավատարմագրմանը։
Կարևորվեց նաև, որ քարտեզագրման գործընթացում ուսումնական հաստատությունները հանդես գան հնարավորինս անկեղծ, քանի որ այն ուղղված է կարողությունների զարգացմանը և կրթական գործընթացի բարելավմանը։
QA4VET ծրագիրը նպատակ ունի բարելավել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) որակը Հայաստանում՝ մշակելով և իրականացնելով փորձնական հավատարմագրման ընթացակարգեր և գործիքներ, որոնք կաջակցեն որակի ապահովմանը ՄԿՈւ հաստատություններում և կրթության որակի մշակույթի ձևավորմանը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերլուծել եվրոպական փորձը, կատարելագործել հայաստանյան մասնագետների կարողությունները, ինչպես նաև մշակել առաջարկություններ ՄԿՈւ հաստատություններում որակի շարունակական բարելավման համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանաչ և թվային ուղղվածությանը։