Էրազմուս+ KPI4HE ծրագրի երրորդ աշխատանքային փաթեթը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։ Աշխատանքային փաթեթի շրջանակում շահակից բուհերում փորձարկվելու են ավելի վաղ մշակված Գործունեության առանցքային ցուցանիշները (ԳԱՑ-եր, KPI-ներ)։ Դրանք հնարավորություն կտան առավել ամբողջական գնահատել բուհերի գործունեության արդյունքները և պարզել այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ են բարելավումներ։
Սեպտեմբերի 12-ին կայացավ առցանց հանդիպում, որին մասնակցեցին ՈԱԱԿ-ի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու շահակից բուհերի ներկայացուցիչները։ Քննարկվեցին KPI-ների փորձարկման համար ընտրության չափանիշները, դրանց կիրառման մոտեցումները և առաջիկա քայլերը։
Քննարկված հարցերից հիմնականներն էին․
- որ ցուցանիշներն են առավել կարևոր համալսարանների զարգացման համար (ավարտողների տոկոս, ուսանողների ներգրավվածություն, գիտական ծրագրեր և այլն),
- ինչպես ապահովել չափումների հուսալիությունն ու գործընթացի թափանցիկությունը,
- ինչպես կիրառել արդյունքները՝ բուհերի ֆինանսավորման և ծրագրերի բարելավման նպատակով։
ԳԱՑ-երի փորձարկումն ու ներդրումը կնպաստեն․
- համալսարանների կառավարման և ռազմավարական պլանավորման կատարելագործմանը,
- պետական ֆինանսավորման արդար բաշխմանը,
- ուսանողների համար կրթության որակի բարձրացմանը։
«Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծումը» (KPI4HE) եռամյա Էրազմուս + ծրագիր է (2024-2027):
KPI4HE ծրագրի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը և կառավարումը` նպաստելով որակյալ, ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում: Ծրագրի սահմանված նպատակներն իրագործվելու են Գործունեության առանցքային ցուցանիշների (KPIs) ազգային շրջանակի մշակման և ներդրման, Ինստիտուցիոնալ հետազոտությունների և պլանավորման ծառայությունների (IRPS) գործարկման և պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վերանայման միջոցով: