Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում որակի ապահովման եվրոպական շրջանակը՝ EQAVET-ը, քննարկման հիմնական թեման էր ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ մայիսի 22-ին տեղի ունեցած աշխատաժողովում:
Մասնակցում էին քոլեջների տնօրեններ, որակի ապահովման պատասխանատուներ, որակի ապահովման փորձագետներ:
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեցին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Եվրոպական կրթական հիմնադրամի ՄԿՈՒ քաղաքականության մշակման ավագ մասնագետ Մունիր Բաատին։
Վերջինս հանդես եկավ թեմատիկ զեկույցով՝ ներկայացնելով EQAVET-ի էությունը, կիրառության փորձը եվրոպական երկրներում։ Պարոն Բաատին ընդգծեց, որ EQAVET-ը, չլինելով պարտադիր, այնուամենայնիվ լայնորեն կիրառվում է եվրոպական կրթական տարածքում՝ նպաստելով համակարգերի միջազգային ընկալելիությանը և համադրելիությանը։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ձևավորի քաղաքականություն՝ հիմնված EQAVET-ի վրա, և առաջնորդվի այդ սկզբունքներով, դա կնպաստի ՄԿՈՒ համակարգի միջազգային ճանաչելիությանը, ինչպես նաև կհեշտացնի համեմատական վերլուծություններն ու բարելավման գործընթացները՝ հիմնված միջազգային փորձի վրա։
Մունիր Բաատին անդրադարձավ նաև EQAVET-ի 10 հիմնական ցուցիչներին, որոնք Եվրոպական կրթական հիմնադրամի գործընկեր երկրներում կիրառվում են արդեն շուրջ 20 տարի։ Քննարկվեց, թե ինչպես կարելի է այս շրջանակը տեղայնացնել Հայաստանում, ինչ հնարավորություններ և մարտահրավերներ կան այդ ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն դարձվեց ցուցիչներին, որոնք կարող են կիրառվել ՀՀ ՄԿՈՒ ոլորտում՝ որպես պետական ֆինանսավորման տրամադրման և կազմակերպությունների արդյունավետության գնահատման հիմք։
Ընդգծվեց նաև քոլեջների կողմից տվյալների պարբերական հավաքագրման անհրաժեշտությունը, քանի որ ճիշտ տվյալներն են արդյունավետ որոշումների կայացման և բարելավման հիմնավորված գործողությունների հիմնաքարը:
Ի՞նչ է EQAVET-ը
EQAVET-ը (European Quality Assurance in Vocational Education and Training) մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման եվրոպական շրջանակ է, որն ուղղված է համակարգերի մշտադիտարկմանը, գնահատմանը, բարելավմանը և հաշվետվողականության բարձրացմանը։
Այն ընդգրկում է որակի ապահովման՝ Պլանավորել-Իրականացնել-Գնահատել-Բարելավել (PDCA) շրջափուլը և խթանում է՝
• չափորոշիչների և ցուցիչների սահմանումը,
• որակի ապահովման մեխանիզմների ձևավորումը,
• համակարգերի շարունակական բարելավումը,
• ազգային և եվրոպական մակարդակներում համադրելիության ապահովումը։
Նշենք, որ մայիսի 21-ին ՈԱԱԿ և ETF նախաձեռնությամբ տեղի էր ունեցել մեկ այլ կարևոր աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» թեմայով։ Աշխատաժողովի նպատակն էր փորձարկել ՄԿՈՒ համակարգի գնահատման նոր գործիքը, որը մշակվել է EQAVET-ի որակի ցուցիչների հիման վրա և հնարավորություն է տալիս վեր հանել համակարգի ուժեղ և թույլ կողմերը և մատնանշել բարելավման ուղղությունները։