Հոկտեմբերի 15-16-ին Էրազմուս+ eCAMPUS ծրագրի շրջանակում Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում (KTH) անցկացվեց փորձի փոխանակման և կարողությունների զարգացման աշխատաժողով, որի նպատակն էր նպաստել թվային կրթության համար նախատեսված որակի ներքին ապահովման համակարգի ձևավորմանն ու ամրապնդմանը։
ՈԱԱԿ-ից աշխատաժողովին մասնակցեցին տնօրեն Ռուբեն Թոփչյանը և տնօրենի օգնական Նաիրա Հարությունյանը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Շվեդիայի բուհական համակարգում իրականացվող որակի ապահովման գործընթացները, դրանք կարգավորող քաղաքականությունները, թվային ուսուցման կառավարման և գնահատման գործիքները, ինչպես նաև ուսանողների ներգրավման մեխանիզմները կրթական գործընթացում։
ՈԱԱԿ-ը ներկայացրեց eCAMPUS ծրագրի աշխատանքային 3-րդ փաթեթի ընթացիկ արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանի բուհերում թվային ուսուցման, գնահատման և շարունակական բարելավման որակի ներքին ապահովման համակարգի մշակմանը։ Ընդգծվեց միասնական մոտեցումների ձևավորման, դասախոսների թվային կարողությունների զարգացման և բուհերի միջև համագործակցության համակարգվածության ապահովման անհրաժեշտությունը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց նաև եվրոպական գործընկեր համալսարանների փորձը թվային ուսուցման որակի ապահովման ոլորտում՝ Մադրիդի ինքնավար համալսարանի, Լիսաբոնի համալսարանի և Ջենովայի համալսարանի լավագույն օրինակների հիման վրա։
eCAMPUS (Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում) ծրագիրը նպատակ ունի բարձրացնել թվային ուսուցման և ուսումնառության որակը Հայաստանի բուհերում՝ մի շարք ռազմավարական նախաձեռնությունների միջոցով։ Դրանք ներառում են դասախոսական կազմի թվային հմտությունների զարգացումը, թվային ուսուցման և ուսումնառության ներքին որակի ապահովման մեխանիզմների ներդրումը, համապատասխան ենթակառուցվածքով համալրված կրթական թվային էկոհամակարգերի ձևավորումը, նորարարական կրթական մեթոդների կիրառումը, ինչպես նաև աջակցող օրենսդրական դաշտի ձևավորումը։