Կրթական ծրագրերում առկա լավագույն փորձի վերհանման մեխանիզմները և ՄԿԾ-ների ներքին աուդիտում ՈԱ համակարգի դերն էին հուլիսի 17-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ բուհերի որակի ապահովման ստորաբաժանումների ղեկավարների հետ կայացած հանդիպման օրակարգում։
Այս հանդիպումը հուլիսի 3-ին բուհերի ներկայացուցիչների հետ ՄԿԾ ներքին աուդիտի ձևաչափերի քննարկման շարունակությունն էր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ծրագրերի առաջընթացի վերլուծության հիմնական բաղադրիչները, որոնցից են․
- կրթական ծրագրերի մշակում և վերանայում,
- ծրագրերի քարտեզագրում և վերջնարդյունքների համահնչեցում,
- ուսանողների ծանրաբեռնվածություն և կրեդիտների բաշխում,
- շրջանավարտների կոմպետենցիաների համահնչեցում աշխատաշուկայի պահանջներին։
Հատուկ ուշադրություն է դարձվել ուսանողների ծանրաբեռնվածության և կրեդիտների համապատասխանության ապահովմանը։ Նպատակն է բարելավել ուսուցման արդյունավետությունը՝ խուսափելու ծանրաբեռնվածությունից կամ թերբեռնվածությունից։
Քննարկվել են տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը, ներառյալ դասընթացների նկարագրերը և կրեդիտների բաշխումը, ուսանողների շրջանում հարցումները կամ քննարկումները, դասախոսների կողմից դասընթացների ծանրաբեռնվածության գնահատումը և ուսումնական առաջընթացի վերլուծությունը։
Կարևորվել է նաև շրջանավարտների կոմպետենցիաների համապատասխանեցումն աշխատաշուկայի պահանջներին և կամընտրական առարկաների ներառումը՝ արդի տեխնոլոգիաներին համահունչ կրթական միջավայր ապահովելու նպատակով։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բուհերի մասնակցությամբ կձևավորվեն խմբեր, որոնք թեմատիկ հետազոտություններ կիրականացնեն քննարկված թեմաների վերաբերյալ: Այս հետազոտությունների արդյունքում դուրս կբերվեն տվյալներ, որոնք կծառայեն ողջ համակարգին՝ ապահովելով որակի շարունակական բարելավում և բուհերի կրթական ծրագրերի ներքին աուդիտի կարողությունների զարգացում։
Նշենք՝ ՈԱԱԿ-ը հաջորդ տարին հայտարարել է որակի հետազոտության տարի՝ իր ներդրումն անելով բուհերի մասնակցությամբ թեմատիկ աշխատաժողովների և փորձի փոխանակման վերբինարների կազմակերպման ուղղությամբ: Կրթական ծրագրերի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն 2025-2026 ուսումնական տարվանից։