ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 11-ին Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի կունենա «Փաստաթղթերի անվտանգ պահպանումը «Article 26 Backpack»-ի միջոցով» աշխատաժողովը՝ նվիրված «Article 26 Backpack» նորարարական թվային հարթակին։
Աշխատաժողովի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել այս անվճար ամպային ծառայությանը, որը նախատեսված է օգտատերերի ակադեմիական փաստաթղթերի (դիպլոմներ, տեղեկագրեր, հավաստագրեր, CV-ներ, մոտիվացիոն նամակներ) անվտանգ պահպանման, համակարգման և միջազգային փոխանակման համար։ Գործիքը հնարավորություն է տալիս երիտասարդներին արդյունավետորեն պլանավորել և կառուցել իրենց կրթական ու մասնագիտական զարգացման ուղիները։
Հարթակի առանցքային առավելությունները
«Article 26 Backpack»-ը, որը սպասարկում է ավելի քան 5000 օգտատերի աշխարհով մեկ, ներառում է մի շարք կարևոր առանձնահատկություններ՝ ուսանողների մասնագիտական ողջ հետագիծն ապահովելու և նրանց ակադեմիական շարժունությունը խթանելու համար.
Անվտանգ պահպանում: Կրթական և աշխատանքային պատմության անվտանգ պահպանումը երաշխավորված է Կալիֆորնիայի համալսարանի ակադեմիական չափանիշներով։
Միջազգային վավերացում: Փաստաթղթերի վավերացում ECE Aid ընկերության միջոցով՝ ապահովելով դրանց միջազգային ճանաչումը։
Փոխանակում: Մասնագիտական ձեռքբերումները կիսելու հնարավորություն համալսարանների, կրթաթոշակային գործակալությունների և գործատուների հետ՝ անվտանգ, ժամանակավոր հղումների միջոցով։
Զարգացման հնարավորություններ: Պարբերական տեղեկատվություն ակադեմիական նոր հնարավորությունների մասին և UC Davis-ի շարունակական կրթության վկայականի ստացման հնարավորություն։
Լեզուներ: Հարթակը հասանելի է 8 լեզվով, այդ թվում՝ հայերենով։
Նախապատմությունը
«Article 26 Backpack»-ը ստեղծվել է Կալիֆորնիայի համալսարանի (Դեյվիս) Մարդու իրավունքների ուսումնասիրությունների պրոֆեսոր և տնօրեն Քիթ Դեյվիդ Ուաթենպաուի կողմից։ Ի սկզբանե այն նպատակ ուներ հաղթահարել փախստական և խոցելի խմբերի երիտասարդների կրթական խոչընդոտները։
Պլատֆորմը կոչվել է ի պատիվ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածի, որը սահմանում է կրթության համընդհանուր իրավունքը։
Միջոցառման մանրամասներ
Օրը՝ 11.12.2025, ժամը 15:30,
Վայրը՝ Հայաստանի եվրոպական համալսարան,
Հասցեն՝ Դավիթ Անհաղթի փող. 10,
Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ անցնելով հղմամբ՝ https://bit.ly/48kstsI