Հետաքրքրվա՞ծ ես, թե ինչպես է ապահովվում բարձրագույն կրթության որակը Եվրոպայում։ Ուզում ես ներգրավվել այս գործընթացում, ներկայացնել քո կարծիքը որպես ուսանող և միաժամանակ ձեռք բերել կարևոր փորձ՝ միջազգային մակարդակով։ Ուրեմն այս հնարավորությունը հենց քեզ համար է։
Եվրոպական ուսանողական միությունը (ESU) հայտարարել է բաց մրցույթ՝ միանալու իր որակի ապահովման ուսանող-փորձագետների խմբին։ 2025/2026թթ․ անդամակցության համար ընտրվելու են շուրջ 90-100 ուսանողներ Եվրոպայից։
Դիմումների վերջնաժամկետը՝ 2025թ․ հունիսի 23, ժամը 23։59 CEST։
Ի՞նչ է սա
ESU-ի Որակի ապահովման ուսանող-փորձագետների բազան մի հարթակ է, որտեղ ուսանողները ներգրավվում են տարբեր մակարդակի գնահատումների գործընթացում՝ սկսած բուհերի արտաքին գնահատումից մինչև որակի ապահովման ազգային և միջազգային գործակալությունների գնահատում։ Այս խումբը թույլ է տալիս ուսանողներին իրականում մասնակցել կրթական համակարգի բարելավմանը։
Ի՞նչ կստանաս դու․
- Ավելի խորը պատկերացում Եվրոպական բարձրագույն կրթության համակարգի մասին,
- Հնարավորություն մասնակցելու որակի ապահովման գործընթացների ազգային և միջազգային մակարդակում,
- Թարմ տեղեկություններ ոլորտի վերջին զարգացումների մասին,
- Մասնակցություն վերապատրաստումների, սեմինարների, համաժողովների,
- Կապեր եվրոպացի ակտիվ ուսանողների, փորձագետների և ոլորտի մասնագետների հետ,
- Անձնական ու մասնագիտական հմտությունների զարգացում՝ հաղորդակցում, համագործակցություն, վերլուծություն և այլ ոլորտներում։
Ի՞նչ է ակնկալվում քեզնից․
- Մասնակցել վերապատրաստման ծրագրին,
- Կիսվել քո փորձով ու տեսակետներով, ներկայացնել քո դիրքորոշումը որպես ուսանող,
- Լինել ակտիվ և խմբի պատասխանատու անդամ,
- Տարածել որակի ապահովման վերաբերյալ ինֆորմացիան քո երկրում ու համայնքում,
- Աջակցել ESU-ի նախաձեռնություններին և նպաստել ոլորտի կայուն զարգացմանը։
Ինչպե՞ս դիմել
Պարզապես լրացրու դիմումի ձևը, կցիր անհրաժեշտ փաստաթղթերը և ուղարկիր մինչև հունիսի 23-ը:
Եթե ուզում ես մասնակից դառնալ իրական փոփոխությունների, նոր գիտելիքներ ստանալ, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց, մի հապաղիր, միացիր ESU ուսանող-փորձագետների թիմին։
Դու կարող ես ազդել կրթության որակի վրա ոչ միայն քո համալսարանում, այլ ամբողջ Եվրոպայում։
Նշենք՝ մինչ այս ՈԱԱԿ-ի 8 ուսանող-փորձագետներ հաջողությամբ միացել են Եվրոպական ուսանողական միության որակի ապահովման ուսանող-փորձագետների բազային՝ մասնակցելով միջազգային գնահատումների։
Հիմա քո հերթն է։