Ի՞նչ է հավատարմագրումը
Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից:
Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը:
Հավատարմագրում շնորհվում է որոշակի ժամկետով, հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Հավատարմագրումն ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար:
Մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովումը ՀՀ-ում իրականացվում է պետական հավատարմագրման հետևյալ երկու գործընթացներով.
Ինստիտուցիոնալ հավատարմագրում: Այն պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի` օրենքով սահմանված ուսումնական հաստատության տեսակին ներկայացվող պահանջներին, պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է ՀՀ տարածքում գործող բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունների համար: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը թույլ է տալիս գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև տեսնել, թե արդյոք հաստատությունն իրականացնում է իր առաքելությունը, հետապնդում է շարունակական բարելավման քաղաքականություն և նպաստում է իրականացվող կրթական ծրագրերի զարգացմանը:
Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախապայման է ծրագրային հավատարմագրման համար:
Մասնագիտության կրթական ծրագրի (Ծրագրային) հավատարմագրում: Ծրագրային հավատարմագրումը պետության կողմից մասնագիտության կրթական ծրագրի, մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին և ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Ծրագրային հավատարմագրման թիրախն առանձին մասնագիտության կրթական ծրագիրն է: Այս գործընթացը թույլ է տալիս պարբերաբար գնահատել մասնագիտության կրթական ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև ստուգել, թե արդյոք այն ապահովում է ուսանողների կողմից ուսումնառության արդյունքների ձեռքբերումն ակնկալվող ամբողջ ծավալով: Ծրագրային հավատարմագրումն իրականացվում է ՄՈՒՀ-ի նախաձեռնությամբ, կամավորության սկզբունքով, բացառությամբ բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի, որոնք պարտադիր պետք է անցնեն ծրագրային հավատարմագրում:
Հավատարմագրման գործընթացների արդյունքում ուսումնական հաստատությանը կամ մասնագիտության կրթական ծրագրին տրվում է հավատարմագրվածի կարգավիճակ՝ որոշակի վավերականության ժամկետով:
Հավատարմագրման գործընթացը ներառում է 3 փուլ`
Ինչո՞ւ հավատարմագրվել
Հավատարմագրումը.
Հավատարմագրումը հնարավորություն է ստանալ խորհրդատվություն տեղացի ու միջազգային փորձագետների կողմից` որակի ապահովման գործընթացների շարունակական բարելավման համար:
Ի՞նչպես դիմել
Հավատարմագրման գործընթաց անցնելու համար ուսումնական հաստատությունը կարող է դիմել ՈԱԱԿ-ին կամ Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցված, ինչպես նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններին: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից դուրս երկրների հետ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները կամ ՀՀ տարածքում գործող այդ երկրների մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը կարող են հավատարմագրվել այլ ճանաչված կառույցների կողմից, որոնց ցանկը հաստատում է ՀՀ ԿԳՄՍ նախարարը: Միջազգային հավատարմագրման դիմած ուսումնական հաստատությունը հինգ օրացուցային օրվա ընթացքում պետք է ՈԱԱԿ-ին տեղեկացնի օտարերկրյա կազմակերպությունների կողմից հավատարմագրման գործընթացի մեկնարկի մասին:
ՈԱԱԿ-ը հավատարմագրման դիմում-հայտերն ընդունում է ամբողջ տարվա ընթացքում: Դիմում-հայտերը ներկայացվում են ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակված և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված համապատասխան ձևաչափերի:
Դիմում-հայտի ընդունման կամ մերժման ընթացակարգը սահմանվում է Հավատարմագրման կարգով:
Մինչև դիմում-հայտ ներկայացնելը ուսումնական հաստատությունը ՈԱԱԿ է ներկայացնում տեղեկատվություն ինստիտուցիոնալ կարողությունների կամ մասնագիտության կրթական ծրագրերի վերաբերյալ՝ լրացնելով համապատասխան էլեկտրոնային առցանց հարցաշարը http://forms.anqa.am էջում։
Էլեկտրոնային հարցաշարի լրացման սկզբունքներին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով ուղեցույցը։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամները կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության տարբեր ոլորտների և պետական կառավարման փորձառու մասնագետներ, գործատուներ են:
Հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման և գործունեության ընթացակարգը հասանելի է հղման ներքո։