Մայիսի 5-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ փորձի փոխանակման հանդիպում Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասցիացիայի (ENQA) փորձագետների միջանկյալ այցի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվող թեմատիկ ուղղությունները առաջարկվել են ՈԱԱԿ-ի կողմից՝ հաշվի առնելով ՀՀ կրթական բարեփոխումների ընթացիկ օրակարգը և որակի ապահովման համակարգի ռազմավարական առաջնահերթությունները։
Քննարկման երեք առանցքային թեմաներն էին.
- Նախահավատարմագրման համակարգի կիրառման միջազգային փորձը՝ հատկապես այն երկրներում, որտեղ նոր կրթական ծրագրերը որակապես գնահատվում են մինչև դրանց գործարկումը։ Քննարկվեցին նաև նախահավատարմագրման և լիցենզավորման փոխկապակցվածությունը, կիրառվող չափանիշները և դրան հաջորդող մշտադիտարկման մեխանիզմները։
- Կրթական ծրագրերի ներքին աուդիտի գործնական կիրառումը՝ որպես բարելավման պլանների իրականացման գնահատման գործիք հավատարմագրման միջանկյալ փուլում։ Առանձնապես ուշադրություն դարձվեց ESG-ի պահանջներին՝ ծրագրերի պարբերական վերանայման և տվյալահենք կառավարման վերաբերյալ։
- Բժշկական և հարակից մասնագիտությունների հավատարմագրման միջազգային չափանիշները և որոշումների կայացման առանձնահատկությունները՝ հաշվի առնելով ոլորտի բարձր ռիսկայնությունը և պատասխանատվությունը։
ENQA-ի փորձագետներ Ալմանտաս Շերպատաուսկասը (Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամի բաժնի ղեկավար) և Միշել Վերան (Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության՝ NVAO-ի ավագ մասնագետ) ներկայացրին իրենց երկրների փորձը՝ օրենսդրական կարգավորումները, որակի ապահովման գործիքները և կիրառվող չափանիշները։
ՈԱԱԿ-ը հատուկ հրավիրել էր բարձագույն կրթության շահակիցներին՝ ապահովելու բազմակողմ քննարկում՝ ոլորտի լայն ընդգրկմամբ։ Մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչները, Հավատարմագրման հանձնաժողովի անդամները, ինչպես նաև Երևանի պետական, Հայկական պետական մանկավարժական, Շիրակի պետական, Գավառի պետական և Երևանի պետական բժշկական համալսարանների, Հայկական բժշկական ինստիտուտի, Ավանդական բժշկության համալսարանի և «Մխիթար Գոշ» համալսարանի պրոռեկտորներն ու որակի ապահովման պատասխանատուները։
ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդգծեց․ «Թեմաները հատուկ ընտրվել էին՝ հիմք ընդունելով Հայաստանի կրթական քաղաքականության զարգացման առաջնահերթությունները։ Նախահավատարմագրումը, ներքին աուդիտը և ոլորտային հավատարմագրումն այն գործիքներն են, որոնք կարող են բարձրացնել վստահությունը նոր կրթական ծրագրերի, բարելավման արդյունքների և որակավորումների արժանահավատ շնորհման նկատմամբ։»