Դեկտեմբերի 15-18-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Գորիսի պետական համալսարանում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Բադալյանը։ Խմբի անդամներն են Լեհաստանի հավատարմագրման կոմիտեի բարձրագույն կրթության փորձագետ, տնտեսագիտության դոկտոր,Վարշավայի համալսարանի պատվավոր ֆրոֆեսոր Միսչեսլավ Սոխան, ԵՊՀ Բիզնեսի կառավարման ամբիոնի դասախոս, դոցենտ Նոննա Խաչատրյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, «Արագած Պեռլիտ» ԲԲԸ իրավախորհրդատու Գոհար Պետրոսյանը, ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Հովհաննիսյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են բուհի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել բուհի հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, դեկանների, ամբիոնների վարիչների, ստորաբաժանումների ղեկավարների, ՄԿԾ-ների պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների հետ, իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Տնտեսագիտություն», «Իրավագիտություն» և «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված են հանդիպումներ նաև որակի ապահովման պատասխանատուների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով բուհի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի բուհին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք, որ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը 2018-ին Գորիսի պետական համալսարանին շնորհել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, 2021-ին՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: