Հոկտեմբերի 6-10-ը Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում (IADT) անցկացվեց Էրազմուս+ DeSIRe ծրագրի հերթական աշխատաժողովը՝ նվիրված փափուկ հմտությունների զարգացմանը։
Աշխատաժողովին մասնակցեցին ՈԱԱԿ քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը և տնօրենի օգնական Նաիրա Հարությունյանը։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին դասախոսությունների, գործնական քննարկումների և դերախաղերի միջոցով իրականացվող ուսուցման գործընթացներում։
Մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց հետևյալ ուղղություններին․
- ուսուցման և դասավանդման նորարարական մեթոդներ,
- հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտությունների զարգացում,
- դերախաղերի միջոցով ուսանողների ներգրավման և ակտիվ ուսուցման մեխանիզմներ,
- մեդիա և թվային գրագիտության զարգացում,
- ստեղծարարության և որոշումների կայացման հմտությունների ձևավորում,
- ուսուցման գործընթացում թատերական տարրերի և փորձառական մեթոդների կիրառություն։
Աշխատաժողովի ընթացքում հրավիրյալ փորձագետները Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից (TUD) և Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտից (IADT) ներկայացրին ուսանողների ներգրավման և դասավանդման նոր մոտեցումներ, կիսվեցին փորձառական ուսուցման լավագույն փորձերով։
ՈԱԱԿ-ի ներկայացուցիչ Մերի Բարսեղյանը հանդես եկավ ծրագրի որակի ապահովման գործընթացներին նվիրված ներկայացմամբ։ Նա ներկայացրեց ներքին որակի գնահատման թիմի գործունեությունը, որը ներառում է նախորդ վերապատրաստումների արդյունքների վերլուծություն, մասնակիցների արձագանքների հիման վրա բարելավման առաջարկների մշակում, ինչպես նաև հետագա գործողությունների պլանավորում՝ ծրագրի արդյունավետությունն ու որակը բարձրացնելու նպատակով։
«Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացումը» (DeSIRe) եռամյա Էրազմուս + ծրագիր է (2024-2027), որի նպատակն է ապահովել ներառական և հավասար որակյալ կրթություն և ցկյանս ուսուցման հնարավորություններ բոլորի համար՝ ապահովելով փափուկ և մասնագիտական կարողություններ աշխատանքային կարիերային և շուկայի պահանջներին համահունչ։
DeSIRe ծրագրի շրջանակներում կմշակվեն փոխանցելի կարողություններ ձևավորող մոդուլներ, որոնք կներդրվեն Հայաստանի և Վրաստանի կոնսորցիումի անդամ գործընկեր բուհերում:
Ծրագրի համակարգողը Հ․ Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանն է: Ծրագրում ներգրավված են 17 գործընկեր կազմակերպություններ և համալսարաններ Հայաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Իսպանիայից և Իռլանդիայից։
Ծրագրում որակի ապահովման գործընթացները ծրագրում համակարգում է ՈԱԱԿ-ը Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի (NCEQE) և Ֆինլանդիայի LUT համալսարանի հետ համագործակցությամբ։