Սեպտեմբերի 29-ին կայացավ Էրազմուս+ KPI4HE ծրագրի հայաստանյան շահակիցների առցանց հանդիպում, որը նվիրված էր բուհերի կողմից  մշակված Գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ-երի, KPI-ների) փորձարկման գործընթացին։ 
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին՝ 
- բուհերի մշակած ԳԱՑ-երից որոնք պետք է ընտրվեն ծրագրի շրջանակում փորձարկման համար,
 - ինչ չափանիշներով պետք է իրականացվի ընտրությունը։
 
Քննարկման  ընթացքում ընդգծվեց, որ բուհերը կարող են ունենալ և՛ ներքին ԳԱՑ-եր՝ իրենց գործընթացների արդյունավետությունը գնահատելու համար, և՛ այնպիսի ԳԱՑ-եր, որոնց միջոցով պետությանը և հասարակությանը կկարողանան ներկայացնել  իրենց զարգացումները և շարունակական բարելավումները։ 
Մասնակիցները անդրադարձան նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակված, միջազգայնորեն ճանաչված ու փորձարկված ԳԱՑ-երի տեղայնացման և Հայաստանում դրանց փորձարկման հնարավորություններին։  
Որոշվեց ծրագրի շրջանակներում առաջնահերթ ուշադրություն դարձնել կրթության որակին և կառավարմանը վերաբերող ԳԱՑ-երին։
Հիշեցնենք, որ KPI4HE ծրագրի երրորդ աշխատանքային փաթեթը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։ Աշխատանքային փաթեթի շրջանակում շահակից բուհերում փորձարկվելու են ավելի վաղ մշակված ԳԱՑ-երը, որոնք հնարավորություն կտան ամբողջական գնահատել բուհերի գործունեության արդյունքները, բացահայտել բարելավման կարիք ունեցող ոլորտները և աջակցել ռազմավարական պլանավորմանը։ 
«Հայաստանում  ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծումը» (KPI4HE) եռամյա Էրազմուս + ծրագիր է (2024-2027):   
KPI4HE  ծրագրի  նպատակն է  բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը և կառավարումը` նպաստելով որակյալ, ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ   բարձրագույն կրթությանը Հայաստանում: Ծրագրի սահմանված նպատակներն իրագործվելու են   Գործունեության առանցքային  ցուցանիշների  (KPIs) ազգային շրջանակի մշակման և ներդրման, Ինստիտուցիոնալ հետազոտությունների և պլանավորման ծառայությունների (IRPS) գործարկման և պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների  վերանայման միջոցով: