Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում առաջիկայում արտաքին գնահատման փորձագիտական այց տեղի կունենա Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջ։ Հոկտեմբերի 1-ին ՈԱԱԿ-ում հանդիպում տեղի ունեցավ քոլեջի փորձագիտական խմբի ՈԱԱԿ տնօրենի, ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի և համակարգողների մասնակցությամբ։  
Քննարկվեցին  նախնական գնահատման արդյունքում դուրս բերված հիմնական խնդիրները և հիպոթեզները, որոնք փորձագետները դիտարկելու են արտաքին գնահատման ժամանակ,  ինչպես նաև փորձագիտական այցի առանձնահատկությունները։ 
Քննարկման հիմնական թեմաներն էին․ 
- Քոլեջի ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների իրագործելիությունը և այդ ուղղությամբ ձեռնարկվող համակարգային քայլերը,
 - Արդյոք ՄՈՒՀ-ում առկա ռեսուրսները նպաստում կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը և սահմանված վերջնարդյունքների ձեռքբերմանը,
 - Ապահովված է արդյոք դասախոսական կազմի կայունությունը,
 - Ինչպիսին է գործատուների հետ համագործակցությունը, արդյոք ուսման ընթացքում ուսանողներին հանձնարարվում են գործատուի միջավայրից բխող առաջադրանքներ,
 - Ինչպիսին է հետազոտությունը ՄՈՒՀ-ում, ինչ քայլեր են ձեռնարկվում հետազոտողի մտածողությամբ, վերլուծական կարողություններով պրակտիկ մասնագետներ պատրաստելու համար։
 
Կարևորվեց, որ ուսումնական ողջ գործընթացը միտված լինի ճիշտ խնդիրներ ձևակերպող, հետազոտող, տվյալներ հավաքագրող, վերլուծող և հիմնավոր որոշումներ կայացնող  մասնագետի ձևավորմանը։ 
Քննարկվեց նաև, թե համեմատաբար նորաստեղծ ուսումնական հաստատության պարագայում ինչ  շեշտադրումներ կարող է ունենալ փորձագիտական այցը։  
Հանդիպման ավարտին կարևորվեց, որ փորձագետների խորհրդատվությունները լինեն հստակ ձևակերպված և իրագործելի՝ մատնանշելով ուսումնական հաստատությունների խնդիրների լուծման ուղիները,  իսկ փորձագիտական զեկույցները պետք է պարունակեն ամբողջական և հիմնավորված տեղեկատվություն՝ հավատարմագրման հանձնաժողովին տվյալահեն և օբյեկտիվ որոշումներ կայացնելու հնարավորություն ընձեռելու համար։