Հունիսի 13-ին տեղի ունեցավ ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացի հերթական փուլի ավարտը՝ վկայականների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Փորձի փոխանակման ընթացքում ուսանողները ծանոթացան որակի ապահովման ոլորտում առկա նոր հնարավորություններին։
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը, ողջունելով շրջանավարտներին, ընդգծեց ուսանողների առանցքային դերը ՈԱԱԿ-ի գործունեության մեջ. «ՈԱԱԿ-ի հիմնասյուներից մեկը ուսանողներն են։ ՈԱԱԿ-ի մի շարք աշխատակիցներ իրենց կարիերան սկսել են որպես ուսանող-փորձագետներ։ Այս վկայականները պարզապես փաստաթուղթ չեն, այլ հզոր գործիք են՝ մասնակից լինելու մեծ գործընթացներին»։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՈԱԱԿ-ի ուսանող-փորձագետների հաջողության պատմությունները, ովքեր նշանակալի ձեռքբերումների են հասել ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հարթակներում։ Տարբեր ուսումնական հաստատություններում հավատարմագրման գործընթացներին մասնակցած ուսանող-փորձագետները կիսվեցին իրենց փորձով՝ շեշտադրելով ՈԱԱԿ-ի դասընթացների շնորհիվ ձեռք բերված կարողությունը՝ լինելու ոչ թե բողոքավոր, այլ պահանջատեր ուսանողներ, ովքեր կարողանում են ճիշտ ձևակերպել և հասցեագրել ուսումնական գործընթացում առկա խնդիրները։ Ընդգծվեց նաև ուսանողի ակտիվ մասնակցության կարևորությունը կրթական գործընթացներում։ Այս համատեքստում Վարդուհի Գյուլազյանը շեշտեց ուսուցման ընթացքում մասնագիտական համատեքստից բխող, հետազոտությունը խրախուսող առաջադրանքների և ձևավորող գնահատման դերը՝ թողարկելու մասնագիտական խնդիրներ լուծող մասնագետներ։