Հոկտեմբերի 22-24-ը Բրյուսելում անցկացվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) գլխավոր վեհաժողովը։ Այս տարվա հանդիպումը նվիրված էր ENQA-ի 25-ամյակին, որի շրջանակում անդրադարձ է կատարվել կազմակերպության զարգացման ուղուն և եվրոպական որակի ապահովման համակարգի ձևավորման գործում ունեցած ներդրմանը։
ՈԱԱԿ-ը, որպես ENQA-ի լիիրավ անդամ, վեհաժողովում ներկայացրել են տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Վեհաժողովի ընթացքում քննարկվել են Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի առաջնահերթությունները, ինչպես նաև Եվրոպական որակի ապահովման ստանդարտների և ուղեցույցների (ESG) կիրարկման ընթացիկ արդյունքները։ Մասնակիցները ներկայացրել են իրենց գործնական փորձն ու մոտեցումները՝ միտված որակի ապահովման համակարգերի շարունակական կատարելագործմանը։
Վեհաժողովի ընթացքում Ռուբեն Թոփչյանը վարել է որակի ապահովման գործընթացներում արհեստական բանականության կիրառման թեմայով նիստը։ Նստաշրջանում ներկայացվել են արհեստական բանականության պատասխանատու օգտագործման սկզբունքների նախագծերը և քննարկվել են գործակալությունների փորձը և առաջարկները։
Վեհաժողովում տեղի են ունեցել նաև ENQA-ի ղեկավար մարմնի ընտրություններ՝ նախագահի և փոխնախագահների թափուր պաշտոնների համար։