ՈԱԱԿ-ը շարունակում է ուսանողների հետ պարբերական հանդիպումները՝ կրթության որակի ապահովման հարցերում նրանց դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով։ Հոկտեմբերի 31-ին ՈԱԱԿ-ում կայացավ հանդիպում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների հետ՝ «Մանկավարժություն» և «Կրթության գնահատում և թեստավորում» կրթական ծրագրերում սովորողների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսանողների գիտելիքների գործնական կիրառման հնարավորությունները, հետազոտող ուսուցչի դերը, ինչպես նաև կրթական գործընթացի կատարելագործման ուղիները։
Գիտելիքների գործնական կիրառելիություն
Ուսանողները նշել են, որ բուհում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կարևոր դեր ունեն մասնագիտական գործունեության ընթացքում․ դրանք նպաստում են վերլուծական մտածողության զարգացմանը, խնդիրների արդյունավետ լուծմանը և ուսուցման որակի բարձրացմանը։ Միաժամանակ ընդգծվել է, որ որոշ դեպքերում ոլորտային սահմանափակումները խոչընդոտում են գիտելիքների լիարժեք կիրառմանը, օրինակ՝ թեստերի կազմման ժամանակ։
Պրակտիկ փորձ և ուսուցչի աջակցություն
Հանդիպման մասնակիցները կիսվել են պրակտիկայի ընթացքում ստացած փորձով՝ կարևորելով աշակերտների հոգեբանական աջակցության և անհատական մոտեցման դերը։ Նշվել է, որ ուսուցման արդյունավետության կարևոր պայմաններից է աշակերտին օգնությունը՝ դժվարությունները հաղթահարելու և վստահության մթնոլորտ ձևավորելու գործում։
Դասավանդման մեթոդների արդիականացում
Ուսանողները նշել են, որ ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է դասավանդման նորարար մեթոդների կիրառում։ Նրանք կարևորել են խաղային և ստեղծագործական մեթոդների օգտագործումը՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային առանձնահատկությունները և հետաքրքրությունները։ Ընդգծվել է, որ մեթոդի ճիշտ ընտրությունը նպաստում է դասի ներգրավող և մոտիվացնող բնույթին։
Ստեղծագործական և հետազոտական մտածողություն
Հանդիպման ընթացքում շեշտվել է հետազոտող ուսուցչի դերի կարևորությունը։ Ըստ ուսանողների՝ ժամանակակից ուսուցիչը պետք է կարողանա ուսումնասիրել, վերլուծել և բարելավել սեփական գործունեությունը՝ հիմնվելով տվյալների և հետազոտական մոտեցումների վրա։ Միաժամանակ նշվել է, որ բուհական կրթությունը պետք է խթանի ուսանողների մոտ հետազոտական մտածողության ձևավորումը։
Վերլուծական և քննադատական մտածողություն
Քննարկվել է ուսուցչի դերը՝ աշակերտների վերլուծական և քննադատական մտածողության զարգացման գործում։ Ընդգծվել է, որ ճիշտ կառուցված հարցադրումների և վերլուծական մոտեցումների միջոցով ուսուցիչը կարող է ձևավորել ինքնուրույն մտածող և հիմնավորված եզրակացություններ անող աշակերտ։
Ձևավորող գնահատում և հետադարձ կապ
Ուսանողները կարևորել են ձևավորող գնահատման դերը՝ որպես ուսուցման որակի բարելավման կարևոր գործիք։ Ըստ նրանց՝ գնահատումը պետք է նպատակաուղղված լինի ոչ թե բացերի արձանագրմանը, այլ առաջընթացի արձանագրմանը և խթանմանը։ Նշվել է նաև, որ դասի արդյունավետությունն անմիջականորեն կապված է ուսուցչի կարողության հետ՝ ստեղծելու հետաքրքիր և ներգրավող միջավայր։
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ ժամանակակից ուսուցիչը պետք է համատեղի հետազոտական, մեթոդական և ստեղծագործական կարողությունները՝ կրթական գործընթացը դարձնելով շարունակաբար զարգացող և արդյունավետ։
ՈԱԱԿ-ի նախաձեռնած ուսանողական քննարկումները կարևոր հարթակ են՝ ուսանողների կարծիքը լսելու, կրթության որակի բարելավման ուղղությամբ համատեղ քայլեր մշակելու և բարձրագույն կրթության համակարգում ուսանողների ձայնը առավել լսելի դարձնելու համար։