Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) նոյեմբերի 19-ին մասնակցեց CEENQA-ի (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի) անդամ կառույցների 2025 թվականի վերջին առցանց հանդիպմանը։
Օրակարգում ներառված էին մի շարք թեմատիկ զեկույցներ։
Առաջին զեկույցում ներկայացվեց Էստոնիայի նոր ինստիտուցիոնալ հավատարմագրման մոդելի մշակման ընթացքը։ Խոսվեց համակարգի փոփոխությունների հիմնական ուղղությունների մասին, որոնցից են՝ որակի չափանիշների արդիականացումը, ուսանողների ներգրավումը ինքնագնահատման գործընթացում, պետական մակարդակով առկա և ուսումնական հաստատության տվյալների համակցված կիրառումը, ինչպես նաև գնահատումից հետո նախատեսվող հետագա քննարկումների մեխանիզմները։
Երկրորդ ներկայացման շրջանակում ամփոփվեց CEENQA աշխատակազմի շարժունության ծրագրի փորձը։ Զեկույցում ներկայացվեցին անդամ կառույցների միջև փորձի փոխանակման նպատակները և քննարկված թեմաները՝ որակի ապահովման ընթացակարգեր, ռազմավարական պլանավորում, աշխատակազմի զարգացում և թվային գործիքների կիրառություն։
Հանդիպումն ավարտվեց մասնագիտական քննարկմամբ՝ ուղղված հավատարմագրման գործընթացների կատարելագործմանը և համագործակցության զարգացման նոր հնարավորություններին։