Մայիսի 14-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) իրականացրեց որակի ներքին ապահովման համակարգի առցանց մշտադիտարկում Գյումրու «Պրոգրես» համալսարանում և քոլեջում։ Քոլեջը 2023 թվականին ստացել է երկու տարի ժամկետով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում։
Մշտադիտարկման նպատակն էր գնահատել հավատարմագրման ազդեցությունը քոլեջի որակի ապահովման համակարգի և ուսումնական գործընթացների վրա, պարզել՝ ինչ արդյունքներ են գրանցվել թերությունների վերացման ուղղությամբ, ինչպես նաև բացահայտել ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։ Ուսումնասիրվեց նաև, թե որքանով է որակի ներքին ապահովման համակարգը ներդրված բուհում և ինչպես է այն նպաստում կրթական գործընթացների բարելավմանը։
Մշտադիտարկման շրջանակում կազմակերպվեցին առցանց հանդիպում-քննարկումներ ուսումնական հաստատությունների ղեկավարության, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի մասնակցությամբ։
Քննարկված հիմնական թեմաներն էին․
- Օտարերկրյա ուսանողների ներգրավման քաղաքականությունը՝ քննարկվեց արտերկրից ուսանողներ ներգրավելու ռազմավարությունը, անդրադարձ եղավ նաև հնարավոր խնդիրներին, որոնք կարող են առաջանալ միջազգային ուսանողների թվի աճի պարագայում։
- Դասախոսների ներգրավման քաղաքականությունը և նրանց ներկայացվող պահանջները՝ քննարկվեց ինչպես են ընտրվում դասախոսները, հատկապես՝ օտարալեզու ուսանողներին դասավանդող մասնագետները, և ինչ լեզվական ու մասնագիտական պահանջներ են նրանց առաջադրվում։
- Գործընթացների արդյունավետության գնահատումը՝ պարզաբանվեց, թե գործունեության առանցքային ինչ ցուցանիշներ է կիրառում ուսումնական հաստատությունը, ինչպես է իրականացվում դրանց գնահատումը, և ստացված արդյունքներն ու տվյալներն ինչպես են օգտագործվում բարելավումների համար։
- Ուսանողների կարիքների բացահայտման մեխանիզմները՝ քննարկվեցին և սովորողների կարիքների վերհանման, և արձագանքման մեխանիզմները:
- Վերլուծական և հետազոտական կարողությունների զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն առաջադրանքներին, որոնք ուղղված են ուսանողների քննադատական մտածողության, վերլուծական հմտությունների և հետազոտական կարողությունների ձևավորմանը։
- Դասախոսների շարունակական զարգացումը՝ քննարկվեցին դասախոսների կարիքների վերհանման և վերապատրաստման սկզբունքները, ինչպես նաև օտար լեզվով դասավանդման կարողությունների զարգացմանն ուղղված գործողությունները։
- Պրակտիկաների կազմակերպման և գնահատման ձևաչափերը՝ անդրադարձ եղավ մասնագիտական հմտությունների ձևավորման գործընթացին, պրակտիկաների կազմակերպման և դրանց արդյունավետության գնահատման մեխանիզմներին։
- Գնահատման մեթոդները ուսումնական գործընթացում՝ անդրադարձ կատարվեց ձևավորող գնահատման կիրառման փորձին և ուսանողների առաջադիմության գնահատման չափանիշներին։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները հաստատության ղեկավար կազմի հետ քննարկեցին ուժեղ կողմերն ու բարելավման ուղղությունները։ Մասնավորապես՝ առաջարկվեց հետևել արտասահմանյան ուսանողների մասնագիտական հետագծին, ընդլայնել համագործակցությունը գործատուների հետ, բարելավել ռեսուրսների ձեռքբերման պլանավորումը և զարգացնել շահակիցների կարիքների վերհանման մեխանիզմները։