Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 23–24-ին ՈԱԱԿ-ը կազմակերպեց առաջին փորձնական վերապատրաստումը բժշկական քոլեջների ներկայացուցիչների համար։ Երկօրյա դասընթացի շրջանակներում փորձարկվեցին դասընթացի հիմնական նյութերն ու մոտեցումները:
Վերապատրաստման առանցքային ուղերձն էր՝ քոլեջում պետք է ձևավորել մտածող բուժքույր՝ մասնագետ, որը չի ընդունում իրեն մատուցված յուրաքանչյուր տեղեկությունը որպես վերջնական ճշմարտություն, այլ սովորում է կասկածել, հիպոթեզներ ձևակերպել, պրպտել, վերլուծել, շարունակաբար դիտարկել ու համեմատել և ապացույցների վրա հիմնված եզրակացություններ անել։ Այդ նպատակով քննարկվել է, թե ինչպես կազմակերպել կրթական գործընթացը, որպեսզի ուսանողը տիրապետի ճիշտ հարցադրումների մշակույթին, կարողանա տարբերել արժանահավատ և ոչ արժանահավատ աղբյուրները և կայացնել հիմնավորված որոշումներ կլինիկական միջավայրում։
Դասընթացը վարել է ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ Արտեմ Գրիգորյանը։ Քննարկումները կենտրոնացել են բուժքրոջ աշխատանքի մեջ հետազոտական մտածողության դերի, դրա դրսևորումների և կրթական գործընթացքում նման մտածողություն ձևավորելուն միտված քայլերի վրա:
Փորձնական վերապատրաստման արդյունքները կծառայեն որպես հիմք՝ ուսումնական նյութերի կատարելագործման և ծրագրի հիմնական փուլին պատրաստվելու համար, որի ընթացքում նախատեսվում է վերապատրաստել ավելի քան 80 դասախոս ՄԿՈՒ հաստատություններից։ Հաջորդիվ փորձնական վերապատրաստումներ կլինեն նաև գյուղատնտեսական և ՏՏ ոլորտների քոլեջների դասախոսների համար։
Ծրագրի մասին
ՈԱԱԿ-ը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, իրականացնում է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել դասախոսների գործնական հետազոտական հմտություններն ու թվային կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն վերանայել և արդիականացնել կրթական ծրագրերն ու դասընթացների նկարագրերը՝ համահունչ աշխատաշուկայի պահանջներին և Որակավորումների ազգային շրջանակին։
Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում.
- Գյուղատնտեսական, բժշկական և ՏՏ ոլորտների ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 80 դասախոս կանցնի գործնական վերապատրաստում,
- Կրթական ծրագրերը կդառնան ավելի կիրառական և ժամանակակից՝ համապատասխանեցված աշխատաշուկայի պահանջներին,
- Կձևավորվի շարունակական ինքնագնահատման և բարելավման մշակույթ։
Ընդհանուր նպատակն է միջին մասնագիտական կրթության ոլորտում սովորողներին վերածել ոչ միայն հմուտ կատարողների, այլև հետազոտողի մտածողությամբ, հարմարվող և նախաձեռնող մասնագետների, որոնք պատրաստ են արդի և փոփոխվող աշխատաշուկայի մարտահրավերներին։