Կրթական ծրագրերի ներքին աուդիտի իրականացումը և առաջընթացի զեկույցների ներկայացումը հաջողությունների և առաջընթացի արձանագրման միջոց է՝ հնարավորություն տալով վերհանելու լավ փորձերն ու տեսանելի դարձնելու ձեռքբերումները․ հուլիսի 3-ին ՈԱԱԿ-ում կայացած քննարկման առանցքում երկրում առկա լավագույն փորձի վերհանումն ու տարածումն էր։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերը մինչև իրենց հաջորդ հավատարմագրումը պետք է իրականացնեն բոլոր ՄԿԾ-ների ներքին աուդիտ։ ՈԱԱԿ-ը պարբերաբար կազմակերպում է ներքին աուդիտի ձևաչափին և արդյունքներին նվիրված քննարկումներ բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նպաստելով փորձի փոխանակմանը և գործընթացների կատարելագործմանը։
ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանն իր խոսքում կարևորեց, որ ներքին աուդիտը պետք է օգտագործվի ոչ միայն խնդիրները վերհանելու, այլև կատարված աշխատանքը, ձեռքբերումներն ու առաջընթացը ներկայացնելու նպատակով։ Նա ընդգծեց, որ բուհերը պետք է ուսումնասիրեն իրենց ծրագրերի արդյունավետությունը՝ վերլուծելով, թե որքանով են վերջնարդյունքներն արտացոլվում ուսումնական գործընթացում և արդյոք գնահատման գործիքակազմը համարժեք է այդ արդյունքներին։ Բուհերից ակնկալվում է, որ ներքին աուդիտի արդյունքում կվերհանեն և կներկայացնեն նաև իրականացված փոփոխությունները՝ ապահովելով թափանցիկություն և հաշվետվողականություն բոլոր շահակիցների համար։
Բուհերի ներկայացուցիչների հետ քննարկվեցին ծրագրերի բարելավման առանցքային ուղղությունները․
- Կրթական ծրագրերի մշակում և վերանայում,
- Ուսանողի ծանրաբեռնվածություն և կրեդիտների բաշխում,
- Ծրագրերի քարտեզագրում և վերջնարդյունքների համահնչեցում,
- Որակի ներքին ապահովման համակարգի զարգացումներ,
- Շրջանավարտների կոմպետենցիաների համահնչեցում աշխատաշուկայի պահանջներին։
ԵՊՀ-ի փորձը ներկայացվեց «Կենսաբանություն» մասնագիտության կրթական ծրագրի ներքին աուդիտի օրինակով։ Նշվեց, որ գործընթացում ընդգրկվել է միջազգային փորձագետ, իրականացվել է բենչմարքինգ՝ Շանհայի վարկանիշային ցուցակում ընդգրկված առաջատար վեց համալսարանների հետ։ Համեմատության արդյունքում վերանայվել են ուսումնական պլանները, թեմատիկ բովանդակությունը, կրեդիտատարությունը, գործնական և լաբորատոր աշխատանքների համամասնությունները, ինչպես նաև գրականության ցանկը։
ՆԳՆ կրթահամալիրը ներկայացրեց «Պարեկ» որակավորման կրթական ծրագրի ներքին աուդիտի փորձը։ Աուդիտի շրջանակում ներգրավվել են միջազգային փորձագետներ Ուկրաինայից և Վրաստանից։ Ծրագրի վերանայման արդյունքում դրա տևողությունը երկարացվել է՝ 5 ամսից հասնելով մինչև 12 ամսվա։ Նախատեսվում է, որ մինչև 2027 թվականը ծրագրի տևողությունը կդառնա 2 տարի։ Ներառվել են նոր բաղադրիչներ, ընդլայնվել են գործնական և սիմուլյացիոն կարողությունները, ստեղծվել են հատուկ սենյակներ՝ հմտությունների զարգացման նպատակով։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՈԱԱԿ-ը կշարունակի ՄԿԾ ներքին աուդիտի հաջող փորձերին նվիրված աշխատաժողովների իրականացումը, որտեղ բուհերի ներկայացուցիչները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց աշխատանքը, մարտահրավերները և ձեռքբերումներն այս տիրույթում։