Դեկտեմբերի 1–5-ը Պորտուում տեղի ունեցավ Էրազմուս+ T-GREEN ծրագրի հերթական աշխատաժողովը՝ միտված հետբակալավրի կրթության բարեփոխմանը։ Աշխատաժողովի առանցքում էր ծրագրի շրջանակներում մագիստրոսական կրթական ծրագրերի փորձնական ներդրման արդյունքների քննարկումը։
Աշխատաժողովում ՈԱԱԿ-ը ներկայացրել են Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը, նույն բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը և Քարտուղարության ղեկավար Անահիտ Ութմազյանը։
Անդրադարձ է կատարվել հետևյալ ուղղություններին․
- ԵՄ գործընկեր համալսարանների իրավական և ներքին կարգավորումները՝ համատեղ/կրկնակի/բազմակի մագիստրոսական ծրագրերի իրականացման համար,
- հայկական բուհերի կողմից ներդրված փորձնական մագիստրոսական կրթական ծրագրերի արդյունքները,
- T-GREEN ծրագրի աշխատանքային փաթեթների ընթացիկ առաջընթացը և դրանց համապատասխանեցման գործընթացը ՀՀ նոր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին։
Աշխատաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մագիստրոսական ծրագրերի կառուցվածքին և օրենսդրական պահանջներին դրանց համապատասխանեցման գործընթացին։ Քննարկվել են նաև կրկնակի և բազմակի համատեղ որակավորման աստիճաններ շնորհող մագիստրոսական ծրագրերի իրականացման հնարավորությունները հետևյալ ոլորտներում․
- «Կանաչ տնտեսություն և կառավարում»,
«Կայուն քաղաքներ»,
«Բլոկչեյն և թվային արժույթներ»։
Եզրափակիչ հատվածում ԵՄ փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկությունները՝ ուղղված ծրագրերի կատարելագործմանը, ակադեմիական գործընթացների ճշգրտմանը և ծրագրի շարունակականության ապահովմանը։
«Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) եռամյա նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։
Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։