Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը հոկտեմբերի 23-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Գավառի պետական բժշկական քոլեջում։ Նպատակն էր դիտարկել ՄՈՒՀ-ում ծավալվող որակի ապահովման գործընթացները և հավատարմագրումից ի վեր տեղի ունեցած փոփոխությունները, առկա խնդիրներն ու մարտահրավերները։
Նշենք՝ Գավառի պետական բժշկական քոլեջը 2024-ին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Առցանց մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, որակի ապահովման պատասխանատուի հետ։
Հադիպման ընթացքում ուշադրության առանցքում են եղել հետևյալ թեմաները․
- ՄԿԾ-ների բարելավում և գնահատման գործընթացներ․
Քննարկվել են հավատարմագրումից հետո ՄԿԾ-ներում կատարված փոփոխությունները, դրանց նպատակները և արդյունավետությունը։ Անդրադարձ է կատարվել վերջնարդյունքների և գնահատման մեթոդների վերանայմանը, ձևավորող գնահատման փորձին, ինչպես նաև փոփոխությունների ազդեցությանը ուսանողների առաջադիմության վրա։ - Որակի ապահովման համակարգի զարգացում․
Դիտարկվել են որակի ապահովման տարեկան պլանի իրականացումը, առաջնահերթությունների ձևակերպումը, տվյալների հավաքագրման և վերլուծության մեխանիզմները, ինչպես նաև որոշումների կայացմանն աջակցող գործիքները։ - Հետազոտական գործունեություն․
Քննարկվել է, արդյոք քոլեջն ունի հստակեցված հետազոտական ուղղություններ, ինչ ծավալով են իրականացվում հետազոտությունները, ինչպես են ներգրավվում ուսանողներն ու դասախոսները։ Դիտարկվել են հետազոտական աշխատանքների ուղեցույցների առկայությունը, գնահատման ձևաչափերը։ - Դասախոսական կազմի զարգացում․
Դիտարկվել են դասախոսների վերապատրաստումների և մասնագիտական զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, կարիքների վերհանման և դրանց արձագանքման գործընթացները։ - Ուսանողների առաջադիմություն և զբաղվածություն․
Քննարկվել են ուսանողների առաջադիմության արդյունքները տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում, շրջանավարտների զբաղվածության ցուցանիշները և քոլեջի կողմից գործադրվող մեխանիզմները՝ նրանց կարիերային հետևելու համար։ - Գործնական ուսուցում և պրակտիկաներ․
Անդրադարձ է կատարվել պրակտիկաների կազմակերպման ձևաչափերին, դրանց ծավալներին և արդյունավետությանը՝ նպատակ ունենալով գնահատել, թե որքանով են ուսանողները կարողանում գործատուի միջավայրում կիրառել և ամրապնդել ՄՈՒՀ-ում ձեռք բերած գործնական կարողությունները։ - Ռեսուրսների ապահովվածություն․
Քննարկվել է՝ արդյոք քոլեջն ապահովված է բավարար նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսներով՝ ՄԿԾ-ների արդյունավետ իրականացման և սահմանված վերջնարդյունքների ձեռքբերման համար, ինչպես է իրականացվում ռեսուրսների համալրումն ու պլանավորումը։ - Օտար լեզվի և մասնագիտական հաղորդակցության զարգացում․
Շեշտվել է օտար լեզուների և մասնագիտական բառապաշարի իմացության կարևորությունը՝ միջառարկայական համագործակցությունը խթանելու, ինչպես նաև ոլորտի զարգացումներին հետևելու և միջազգային ծրագրերին մասնակցելու տեսանկյունից։ - ԳԱՑ-եր և տվյալների կիրառություն․
Քննարկվել է, թե ինչ ցուցիչներով և տվյալներով է քոլեջը առաջնորդվել հավատարմագրումից հետո փոփոխություններ իրականացնելիս և ինչպես են դրանք նպաստել հիմնավորված որոշումների կայացմանը։
Մշտադիտարկման ավարտին հանդիպում տեղի ունեցավ քոլեջի ղեկավար կազմի հետ, որտեղ շեշտադրվեցին առկա ձեռքբերումները և մատնանշվեցին բարելավման հիմնական ուղղությունները։ Մասնավորապես՝
- Շեշտադրվել է ԳԱՑ-երի առկայությունը և դրանցով առաջնորդվելու մոտեցումը․ կարևորվել է, որ դրանք արտացոլվեն նաև կարճաժամկետ զարգացման ծրագրերում։
- Կարևորվել է ՄԿԾ-ների բարելավման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների և տվյալների վերլուծության շարունակականությունն ու այդ գործընթացում նաև ամբիոնների ներգրավվածությունը։
- Նշվել է գնահատման չափանիշների կատարելագործման անհրաժեշտությունը՝ ապահովելու յուրաքանչյուր վերջնարդյունքի համար հստակ և չափելի ցուցանիշներ։
- Ընդգծվել է գործատուների ռեսուրսների համատեղ օգտագործման առկա փորձը՝ նշելով, որ անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը և ապահովել դրա կայունությունը։
- Կարևորվել է, որ հետազոտությունն ուղղորդվի կոնկրետ մասնագիտական զարգացման ուղղությամբ և կապվի ուսանողի մասնագիտությանը։