Հոկտեմբերի 9-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի առցանց մշտադիտարկում իրականացրեց Սիսիանի պետական քոլեջում:
Նպատակն է դիտարկել քոլեջում ծավալվող որակի ապահովման գործընթացները և դրանց արդյունքում տեղի ունեցող փոփոխությունները:
Առցանց մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավարության, ամբիոնների վարիչների և դասախոսների, ուսանողների հետ:
Մշտադիտարկման ընթացքում ուշադրության կենտրոնում էին հետևյալ թեմաները.
- Դասախոսական կազմի կայունության ապահովումը․ քննարկվել են երիտասարդ մասնագետների ներգրավման քաղաքականությունը, դասախոսների կարողությունների զարգացման և մասնագիտական վերապատրաստումների ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
- Քոլեջի զարգացման ծրագրերը և արտաքին համագործակցությունը․ դիտարկվել են ՄՈՒՀ-ի զարգացման ծրագրերը և արտաքին համագործակցությունները, որոնք աջակցում են ՄՈՒՀ-ի կարողությունների զարգացմանը և ռեսուրսներով համալրմանը։
- Գործատուների հետ համագործակցությունը․ քննարկվել է, թե որքանով են գործատուները ներգրավված ուսումնական գործընթացում, արդյոք քոլեջը կարողանում է գործատուների ռեսուրսներն օգտագործել կրթական նպատակներով, ինչպես են կազմակերպվում արտադրական պրակտիկաները, արդյոք ուսանողներն ակտիվ մասնակցում են աշխատանքային գործընթացների գործատուի միջավայրում, ինչ ազդակներ է ստանում ՄՈՒՀ-ն աշխատաշուկայից և ինչպես է արձագանքում դրանց։
- Ռեսուրսներով ապահովվածությունը․ դիտարկվել է, թե որքանով է քոլեջը հագեցած լաբորատորիաներով, ժամանակակից մասնագիտական գրականությամբ և լսարանային ֆոնդով՝ ՄԿԾ-ների արդյունավետ իրագործումն ապահովելու համար։
- Ուսանողների զբաղվածության ցուցանիշը․ քննարկվել է, թե շրջանավարտների որ մասն է աշխատանքի անցնում ըստ մասնագիտության, ինչպես է ՄՈՒՀ-ը հետևում աշխատաշուկայի միտումներին և իր շրջանավարտների կարիերայի հետագծին։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները՝ շեշտադրելով բարելավման ենթակա ուղղությունները։
Մասնավորապես՝
- Կարևորվեց ուսանողներին տրամադրվող վերլուծական և համեմատական առաջադրանքների ծավալի մեծացումը, որոնք բխում են գործատուի միջավայրից և նպաստում են հետազոտողի մտածողությամբ, տվյալներ հավաքագրելու, համադրելու և վերլուծելու և դրա հիման վրա եզրակացություններ կատարելու կարողությամբ մասնագետների ձևավորմանը։
- Շեշտադրվեց միջառարկայական համագործակցությունը՝ մասնավորապես մասնագիտական օտար լեզվի դասավանդման համատեքստում, որպեսզի ուսանողները տիրապետեն մասնագիտական եզրույթները տարբեր լեզուներով և կարողանան հաղորդակցվել ոլորտային բառապաշարով։
- Առաջարկվեց սահմանել գործունեության առանցքային ցուցանիշներ (ԳԱՑ-եր)՝ ուսումնական հաստատության առաջնահերթությունները հստակեցնելու և դրանց իրագործման արդյունավետությանը հետևելու համար։