Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը հոկտեմբերի 24-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջում։ Նպատակն էր պարզել՝ որքանով է ՄՈՒՀ-ում ներդրված որակի ապահովման համակարգը, ինչպես է այն գործում, որակի ապահովման ինչ գործընթացներ են ծավալվում ուսումնական հաստատությունում։
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, դասախոսների և ուսանողների հետ։
Քննարկվել են հետևյալ հիմնական թեմաները․
- Ինչպե՞ս է ՄՈՒՀ-ում տեղի ունենում մասնագետների հավաքագրումը և դասախոսական կազմի կայունության ապահովումը։
- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դասախոսների կարիքների վերհանման ուղղությամբ, ինչպե՞ս է ապահովվում դասախոսների մասնագիտական և մեթոդական զարգացումը։
- Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՄԿԾ-ներում վերջին տարիներին, ի՞նչ տվյալների հիման վրա են տեղի ունեցել փոփոխությունները և ինչպե՞ս է ՄՈՒՀ-ը հետևում տեղի ունեցած փոփոխությունների արդյունավետությանը։
- Ինչպե՞ս և ի՞նչ ծավալներով են տեղի ունենում պրակտիկաները, արդյոք դա բավարար է ՄՈՒՀ-ում ստացած գործնական կարողությունները գործատուի միջավայրում ամրապնդելու համար, ի՞նչ արձագանք է քոլեջը ստանում գործատուներից և ինչպե՞ս է արձագանքում աշխատաշուկայից եկող ազդակներին։
- Ուսուցման ընթացքում գործատուի միջավայրից բխող ի՞նչ առաջադրանքներ են հանձնարարում ուսանողին։ Ինչպե՞ս է դրանցում դրսևորված հետազոտական բաղադրիչը։
- Ինչպե՞ս է ՄՈՒՀ-ը հավաստիանում, որ ուսանողը ձեռք է բերել ՄԿԾ-ով սահմանված բոլոր վերջնարդյունքները, ինչպե՞ս է տեղի ունենում յուրաքանչյուր վերջնարդյունքի գնահատումը։
- Արդյոք ՄՈՒՀ-ը համալրվա՞ծ է բավարար նյութատեխնիկական և մասնագիտական ռեսուրսներով՝ իրականացվող ՄԿԾ-ներն արդյունավետ իրականացնելու և սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու համար։
- Ինչպիսի՞ն է միջառարկայական համագործակցությունը ՄՈՒՀ-ում, իրականացվում են արդյոք համատեղ դասեր, արդյոք միջառարկայական համագործակցությամբ խթանվում է մասնագիտական օտար լեզվի ուսուցումը։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները քոլեջի տնօրենի հետ հանդիպմանն ամփոփեցին արդյունքները։