Առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակում արտաքին գնահատման նպատակով փորձագիտական այցելություններ կիրականացվեն Չարենցավանի պետական քոլեջ և Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ։
Մայիսի 23-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում երկու քոլեջների փորձագիտական խմբերի, ՈԱԱԿ տնօրենի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի և համակարգողների մասնակցությամբ։ Քննարկվեցին նախնական գնահատման ընթացքում վեր հանված խնդիրներն ու հիմնական հիպոթեզները, որոնք փորձագետները դիտարկելու են առաջիկա այցելությունների ժամանակ։
Քննարկման առանցքային թեմաներն էին․
Կրթական ծրագրերի կառուցվածք և կառավարում․
- Ծրագրերի համապատասխանությունը տարածաշրջանի կարիքներին,
- Բազմապրոֆիլ ծրագրերի կառավարումը՝ ռեսուրսների սահմանափակ պայմաններում,
- Ծրագրերի բարելավում՝ տվյալահեն որոշումների հիման վրա։
Ուսանողակենտրոն ուսուցում և հետազոտության զարգացում․
- Ուսանողների ձևավորող գնահատման կիրառվող մեխանիզմները,
- Ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում,
- Վերլուծական կարողությունների ձևավորման մեխանիզմները,
- Հետազոտական աշխատանքի կազմակերպման ձևաչափերը։
Տվյալահեն կառավարում.
- Հարցումների արդյունքների վերլուծության և կիրառման մոտեցումները,
- Տվյալահեն որոշումների կայացման կարողությունները։
Գործատու-կրթական հաստատություն կապեր.
- Գործատուների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը,
- Համագործակցության ձևաչափերը դուալ կրթության և բժշկական ծրագրերի համատեքստում։
Քննարկման ավարտին կարևորվեց, որ փորձագետների խորհրդատվությունները լինեն հստակ ձևակերպված և իրագործելի՝ մատնանշելով ուսումնական հաստատությունների խնդիրների լուծման ուղիները, իսկ փորձագիտական զեկույցները պետք է պարունակեն ամբողջական և հիմնավորված տեղեկատվություն՝ հավատարմագրման հանձնաժողովին տվյալահեն և օբյեկտիվ որոշումներ կայացնելու հնարավորություն ընձեռելու համար։