Սեպտեմբերի 22-24-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Կապանի արվեստի պետական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ԵԹԿՊԻ պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը: Խմբի անդամներն են Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս, «Ալեքս Տեքստիլ» ՓԲԸ հագուստի կոնստրուկտոր Օլյա Ավետիսյանը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարուսույց, «Խորեոգրաֆ» պարարվեստի ուսուցման և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Աշխեն Բոյաջյանը, ԵԹԿՊԻ Արվեստի կառավարում բաժնի ուսանող Մերի Հովսեփյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների և շրջանավարտների, գործատուների, դասախոսների, կրթական ծրագրերի պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Պարարվեստ», «Երգեցողություն» և «Դիզայն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ որակի ապահովման պատասխանատուների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: