Դեկտեմբերի 22-24-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Ասյա Սիմոնյանը։ Խմբի անդամներն են տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Գիտական, գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ Օլեգ Գևորգյանը, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Գայանե Համբարձումյանը, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում բաժնի ուսանող Անի Շահբազյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների, ստորաբաժանումների ղեկավարների, դասախոսների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում:
Մասնագիտական հանդիպում քննարկումներ են տեղի ունեցել «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» , «Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում» և «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ որակի ապահովման պատասխանատուի, մի շարք ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: