Առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակում արտաքին գնահատման նպատակով տեղի կունենա փորձագիտական այց Նոյեմբերյանի պետական քոլեջ։ Այցից առաջ՝ հունիսի 26-ին, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Նոյեմբերյանի պետական քոլեջի փորձագիտական խմբի, ՈԱԱԿ տնօրենի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի և գործընթացի համակարգողի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում փորձագետներն ամփոփեցին նախնական գնահատման արդյունքները։
Քննարկման առանցքային թեմաներն էին․
- Արդյոք առկա են զարգացման գործընթացներ քոլեջում և արդյոք այդ գործընթացների հիմքում տվյալահենք որոշումներն են,
- Արդյոք քոլեջն ունի ռեսուրսային բավարար բազա գործնական կրթություն ապահովելու բոլոր ՄԿԾ-ներով,
- Արդյոք քոլեջը համագործակցում է գործատուների հետ՝ պրակտիկաների կազմակերպման, գործատուների ռեսուրսների համատեղ օգտագործման նպատակով,
- Ինչպես է քոլեջը հավաստում ՄԿԾ-ներով սահմանված բոլոր վերջնարդյունքների ձեռքբերումը և ինչպես է ապահովում շնորհած որակավորումների արժանահավատությունը։
Կարևորվեց նաև, որ փորձագետների խորհրդատվությունները լինեն հստակ ձևակերպված և իրագործելի՝ մատնանշելով ուսումնական հաստատության խնդիրների լուծման ուղիները։