Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 19-ին մշտադիտարկում իրականացրեց Վ.Գ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում: Նպատակն էր պարզել, թե բուհում որքանով է ներդրված որակի ներքին ապահովման համակարգը, ինչքանով է այն արդյունավետ և ինչպես է նպաստում կրթական գործընթացների բարելավմանը:  
Նշենք, որ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ այցով մեկնարկել են մշտադիտարկումները ՀՀ-ում գործող օտարերկրյա բուհերի մասնաճյուղերում: 
Այցի ընթացքում մասնաճյուղի տնօրենը ներկայացրեց բուհի գործունեությունը, իրավական կարգավիճակը և առանձնահատկությունները, դասախոսական կազմի ներգրավման յուրահատկությունները և  համալրման հնարավորությունները: Տեղի ունեցան նաև հանդիպումներ ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: 
Քննարկման հիմնական թեմաներն էին. 
- Ներքին և արտաքին շահակիցների կարիքների վերհանման և արձագանքման մեխանիզմները;
 - Պրոֆեսորադասախոսական կազմի համալրման և վերապատրաստումների քաղաքականությունը;
 - Ուսանողների ընդունելության և կրթության կազմակերպման խնդիրները;
 - Գործատուների հետ համագործակցությունը և պրակտիկաների կազմակերպումը գործատուի միջավայրում;
 - Կրթական ծրագրերի արդիականացումը և հայալեզու ու ռուսալեզու միջավայրերում աշխատելու պատրաստ մասնագետների թողարկման խնդիրները;
 - Դասավանդման արդյունավետության և սահմանված վերջնարդյունքների ձեռքբերման որակի ապահովման ցուցիչները:
 
Հանդիպման ավարտին ՈԱԱԿ մասնագետները բուհի ղեկավարությանը ներկայացրեցին բարելավման առաջնային ուղղությունները: Կարևորվեց որակի ներքին ապահովման համակարգի դերը խնդիրների վերհանման և կրթական գործընթացների շարունակական բարելավման գործում: