Հոկտեմբերի 7-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը որակի ներքին ապահովման համակարգի առցանց մշտադիտարկում իրականացրեց Սպիտակի պետական քոլեջում:
Նպատակն է դիտարկել քոլեջում ծավալվող որակի ապահովման գործընթացները և դրանց արդյունքում տեղի ունեցող փոփոխությունները:
Առցանց մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավարության, ամբիոնների վարիչների և դասախոսների, ուսանողների հետ:
Մշտադիտարկման ընթացքում ուշադրության կենտրոնում էին հետևյալ թեմաները.
- Գործատուների հետ համագործակցությունը․ ուսումնասիրվեց, թե որքանով են գործատուները ներգրավված կրթական գործընթացում, արդյոք ՄՈՒՀ-ն օգտագործում է գործատուների ռեսուրները ուսումնական գործընթացում։
- Ուսանողների զբաղվածությունը․ դիտարկվեց, թե շրջանավարտների որ տոկոսն է աշխատում իրենց մասնագիտությամբ և ինչ մեխանիզմներով է քոլեջը հետևում նրանց զբաղվածության ցուցանիշներին։
- Պրակտիկաների կազմակերպումը․ քննարկվեցին պրակտիկաների ծավալները, կարևորվեց, որ ուսանողը գործատուի միջավայրում պրակտիկ աշխատանքներին մասնակցելու և մասնագիտական կարողություններն ու հմտություններն ամրապնդելու հնարավորություն ունենա ուսման ողջ ընթացքում: Անդրադարձ կատարվեց նաև գործատուներից ստացվող արձագանքներին և դրանց հիման վրա իրականացվող փոփոխություններին։
- Ռեսուրսներով ապահովվածությունը․ քննարկվեց, թե որքանով է ուսումնական հաստատությունը ապահովված անհրաժեշտ մասնագետներով, լսարանային, դասագրքային և լաբորատոր ռեսուրսներով՝ իրականացվող մասնագիտության կրթական ծրագրերով սահմանված վերջնարդյունքներն ապահովելու համար։
- Սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը․ դիտարկվեց, թե ուսանողների որ տոկոսն է հաջողությամբ հաղթահարում սահմանված վերջնարդյունքները՝ հաշվի առնելով առկա ռեսուրսային սահմանափակումները, ինչպես է կազմակերպվում ամփոփիչ գնահատումը և ինչպես է ՄՈՒՀ-ը հավաստիանում, որ բոլոր սահմանված վերջնարդյունքները ձեռք են բերված։
- Օտար լեզուների իմացությունը և ուսումնական նյութերի հասանելիությունը․ քննարկվեց օտար լեզուների իմացության մակարդակը, միջառարկայական համագործակցությունը և օտար լեզվով մասնագիտական տերմինաբանությունն իմանալու և հաղորդակցվելու կարևորությունը։
- Գործնական առաջադրանքների բնույթը․ քննարկվեց, թե ուսման ընթացքում տրվող գործնական առաջադրանքները որքանով են բխում գործատուների միջավայրից, արդյոք դրանցում առկա է հետազոտական բաղադրիչ, որքանով են դրանք միտված ուսանողների մոտ վերլուծական կարողությունների ու մասնագիտական մտածողության զարգացմանը:
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները՝ շեշտադրելով բարելավման ենթակա ուղղությունները։
Մասնավորապես՝
- առաջարկվեց մշակել գործունեության առանցքային ցուցանիշներ (ԳԱՑ-եր)՝ առաջնահերթությունները հստակեցնելու և իրականացվող աշխատանքների արդյունքները գնահատելու նպատակով,
- կարևորվեց արտաքին կապերի ընդլայնումը՝ գործատուների հետ համագործակցության ընդլայնման, գործատուների ռեսուրսների համատեղ օգտագործման, այլընտրանքային ֆինանսական միջոցների ներգրավման, քոլեջի կարողությունների զարգացման ուղղությամբ: