Արտադրական խնդիրները պահանջում են նորարար լուծումներ և ստեղծագործ մոտեցում:
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 25–26-ին ՈԱԱԿ-ը կազմակերպեց փորձնական վերապատրաստում գյուղատնտեսական քոլեջների ներկայացուցիչների համար։
Երկօրյա դասընթացը վարում էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի անդամ Անդրեաս Մելիքյանը։
Կարևորվեց քննադատական և վերլուծական մտածողության դերը ապագա գյուղատնտեսական մասնագետի պատրաստման գործընթացում։ Ընդգծվեց, որ միայն ուսումնական գործընթացում ստացած գիտելիքների մեխանիկական կիրառումը բավարար չէ․ արտադրական խնդիրները պահանջում են նորարար լուծումներ և ստեղծագործ մոտեցում։ Այս համատեքստում շեշտվեց նաև, որ Հայաստանի ագրարային ոլորտի կայուն զարգացումը հնարավոր է, եթե ոլորտի մասնագետներն ուսման ավարտից հետո շարունակեն իրականացնել հետազոտություններ։
Վերապատրաստման ընթացքում քննարկվեց, թե ինչպես կարող են առօրյա դիտարկումները վերածվել գիտական հետազոտության, ինչ փուլերով է իրականացվում հետազոտությունը և ինչպիսի դեր կարող է ունենալ դասախոսը այդ գործընթացում ուսանողի ներգրավվածությունն ապահովելու գործում։ Դիտարկվեցին նաև դաշտային փորձարկումների առանձնահատկությունները՝ բերքատվության համեմատություններից մինչև փորձերի կրկնության ու վիճակագրական վերլուծության անհրաժեշտությունը։ Հատուկ ուշադրություն դարձվեց աշխատավայրում իրականացվող հետազոտությունների գործնական արժեքին, որոնք կարող են նպաստել արտադրության արդյունավետության բարձրացմանը և արտադրանքի որակի բարելավմանը։ Անդրադարձ կատարվեց նաև թվային գործիքների կիրառմանը հետազոտության և դասավանդման ընթացքում:
Փորձնական վերապատրաստման հիմնական նպատակն էր քննարկել բուն դասընթացի հիմնական ուղղությունները, ինչպես նաև փորձարկել նյութերն ու կիրառվող մեթոդները՝ ծրագրի հիմնական փուլին պատրաստվելիս դրանք բարելավելու նպատակով։
Հաջորդիվ փորձնական վերապատրաստում տեղի կունենա ՏՏ ոլորտի քոլեջների դասախոսների համար։
Ծրագրի մասին
ՈԱԱԿ-ը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ, իրականացնում է «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագիրը։ Այն նպատակ ունի զարգացնել դասախոսների գործնական հետազոտական հմտություններն ու թվային կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն վերանայել և արդիականացնել կրթական ծրագրերն ու դասընթացների նկարագրերը՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի պահանջներին և Որակավորումների ազգային շրջանակին։
Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում.
- Գյուղատնտեսական, բժշկական և ՏՏ ոլորտների ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 80 դասախոս կանցնի գործնական վերապատրաստում,
- Կրթական ծրագրերը կդառնան ավելի կիրառական և ժամանակակից՝ համապատասխանեցված աշխատաշուկայի պահանջներին,
- Կձևավորվի շարունակական ինքնագնահատման և բարելավման մշակույթ։
Ընդհանուր նպատակն է միջին մասնագիտական կրթության ոլորտում սովորողներին վերածել ոչ միայն հմուտ կատարողների, այլև հետազոտողի մտածողությամբ, հարմարվող և նախաձեռնող մասնագետների, որոնք պատրաստ են արդի և փոփոխվող աշխատաշուկայի մարտահրավերներին։