Հունվարի 21-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտոնապես մեկնարկեց «ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» վերապատրաստման ծրագիրը, որը իրականացվում է «Ստեղծարար մասնագետներ՝ տնտեսության համար» կարգախոսի ներքո։
Ծրագիրը նպատակ ունի ՄԿՈՒ համակարգում ձևավորել այնպիսի դասախոսական ներուժ, որը կկարողանա պատրաստել ոչ միայն հմուտ կատարողներ, այլև հետազոտողի մտածողությամբ, նախաձեռնող և արագ փոփոխվող աշխատաշուկային հարմարվող մասնագետներ։ Մեկնարկային միջոցառմանը մասնակցում էին ծրագրի 80 մասնակից դասախոսներ, ոլորտի պատասխանատուներ և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի առանցքային դերը բուհի զարգացման ճանապարհին։ «ՈԱԱԿ-ի դերը մեր բուհի կայացման գործում անուրանալի է։ Ավելի քան տասը տարի առաջ մենք առաջիններից էինք, որ սկսեցինք այս համագործակցությունը, և այսօր ունենք որակապես այլ համալսարան։ Մեր ղեկավար կազմը ևս անցել է ՈԱԱԿ-ի վերապատրաստման դպրոցը, և երեք հավատարմագրումների փորձը մեզ տվել է անգնահատելի խորհրդատվություն։ Վստահեցնում եմ՝ այս վերապատրաստումը ձեզ համար ևս որոշիչ է լինելու»,– նշեց ռեկտորը՝ մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և ձեռք բերած հմտությունների հաջող փոխանցում ուսանողներին։
ՈԱԱԿ տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Թոփչյանն իր խոսքում անդրադարձավ կրթության մեջ մոտեցումների փոփոխության անհրաժեշտությանը՝ շեշտելով, որ ժամանակակից ուսանողին անհրաժեշտ է ոչ թե գիտելիքի մեխանիկական կուտակում, այլ դրա կիրառման և ադապտացման կարողություն։ «Մեր նպատակն է ստեղծել մի մեխանիզմ, որտեղ բազային գիտելիքը դառնում է գործիք՝ աշխատաշուկայում նոր, լոկալ հմտություններ ձեռք բերելու համար։ Այսօր այստեղ ներկա են 80 մասնագետներ, ովքեր դառնալու են այդ փոփոխության առաջամարտիկները»,– ասաց նա՝ հավելելով, որ մեկ ամիս անց մասնակիցների հետ նախատեսվում է առցանց հանդիպում՝ լսելու հաջողության պատմություններն ու լսարաններում արձանագրված դրական տեղաշարժերը։ «Հաջողությունը միասնական աշխատանքի մեջ է։ Բարի երթ բոլորիս»,– եզրափակեց Ռուբեն Թոփչյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորեց կրթության տարբեր օղակների և մասնավոր հատվածի համագործակցությունը՝ այն գնահատելով որպես որակի էական բարելավման նախապայման։ Նա ընդգծեց, որ վերջին տարիներին ՄԿՈՒ ոլորտում արձանագրվել է զգալի աճ, ինչի վկայությունն է քոլեջներ և ուսումնարաններ այս տարի ընդունված ավելի քան 16 հազար ուսանողների թիվը։ «Սակայն թվերի աճը դեռևս որակի երաշխիք չէ։ Որակական փոփոխության հիմնաքարը դասախոսների վերապատրաստումն ու ատեստավորումն է»,– նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ մասնագիտական կրթության ոլորտում աշխատող ավելի քան 4000 մասնագետների համատեքստում այս ծրագրի 80 մասնակիցները փոքր թիվ չեն, այլ շղթայական փոփոխության մեկնարկ։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր դասախոս, վերադառնալով իր հաստատություն և ներդնելով նոր մոտեցումները, անփոխարինելի ավանդ է ներդնում համակարգային բարեփոխման գործընթացում։
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, շնորհակալություն հայտնելով ՈԱԱԿ թիմին, ընդգծեց, որ հիմնադրամի համար ծրագիրը չի ավարտվում վերապատրաստմամբ։ «Մենք մեր ազդեցությունը չափելու ենք ոչ թե այսօրվա հանդիպմամբ, այլ 3–5 տարի անց աշխատաշուկայում արձանագրված փոփոխություններով»,– նշեց նա՝ ընդգծելով դասախոսների առանցքային դերը այդ շղթայում։ Նրա խոսքով՝ հիմնադրամը տրամադրել է ռեսուրսները, ՈԱԱԿ-ը՝ փորձագիտական գիտելիքը, սակայն ծրագրի իրական կյանքի կոչողները հենց դասախոսներն են, որոնց միջոցով նորարարական միտքը կհասնի ուսանողին և հետագայում՝ աշխատաշուկա։
Ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է հավատարմագրման արդյունքներով և աշխատաշուկայի վերլուծություններով, որոնք ցույց են տալիս, որ միայն տեսական գիտելիքը բավարար չէ։ Ժամանակակից ՄԿՈՒ դասախոսը պետք է տիրապետի հետազոտական գործիքակազմին, կարողանա վերանայել և արդիականացնել կրթական ծրագրերը՝ հիմնվելով իրական խնդիրների, տվյալների և վերլուծության վրա։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ուսանողին կրթական միջավայրից դուրս գալ ոչ թե պատրաստի կաղապարներով, այլ իրական մասնագիտական խնդիրներ վերլուծելու, եզրահանգումներ կատարելու և լուծումներ առաջարկելու կարողությամբ։
Վերապատրաստումները կազմակերպվում են երեք փոխկապակցված փուլերով։ Առաջին փուլում ձևավորվում է հետազոտական մտածողության միջավայր և ներկայացվում են թվային գործիքներ, որոնք կիրառվում են որպես ուսուցման և հետազոտության արդյունավետ միջոց։ Երկրորդ փուլում մասնակիցները ծանոթանում են հետազոտական աշխատանքի ամբողջական շղթային՝ խնդրի ձևակերպումից մինչև տվյալների վերլուծություն՝ աշխատելով իրենց դասավանդած մոդուլների հիման վրա։ Երրորդ փուլը նվիրված է հետազոտական արդյունքների ներդրմանը կրթական ծրագրերում՝ դասընթացները դարձնելով ավելի կիրառական, խնդրահեն և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։
Վերապատրաստումները իրականացվում են ոլորտային խմբերով: Ագրարային ոլորտի դասախոսների հետ աշխատանքները ընթանում են հունվարի 19–21-ը՝ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանի առաջնորդությամբ, ՏՏ ոլորտում վերապատրաստումները կազմակերպվում են հունվարի 20–22-ը՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Թոփչյանի, իսկ բժշկական ոլորտում՝ հունվարի 21–23-ը՝ բժշկական գիտությունների թեկնածու, գործող բժիշկ Իշխան Սոխակյանի ղեկավարությամբ։
Նշենք, որ ծրագրի հիմնական փուլին նախորդել են սեպտեմբերին իրականացված փորձնական վերապատրաստումները բժշկական, ՏՏ և գյուղատնտեսական քոլեջների ներկայացուցիչների համար, որոնց ընթացքում փորձարկվել են վերապատրաստման նյութերն ու մեթոդաբանությունը՝ ծրագրի հետագա բարելավման և հստակեցման նպատակով։
Ծրագրի ավարտին ակնկալվում է, որ շուրջ 80 ՄԿՈՒ դասախոս կունենա արդիականացված կրթական ծրագրեր և դասընթացների նկարագրեր՝ ուղղված տնտեսության համար ստեղծարար, հետազոտողի մտածողությամբ և կիրառական կարողություններով մասնագետների պատրաստմանը։
Որակի ապահովման ազգային կենտրոնը շնորհակալություն է հայտնում Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամին և ծրագրում ներգրավված բոլոր փորձագետներին՝ ՄԿՈՒ համակարգում որակական փոփոխություններին և հետազոտական մտածողությամբ մասնագետների ձևավորմանը նպաստելու համար։