«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ գիտության և կրթության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 15-17–ը կազմակերպում է «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով առաջին ֆորումը:
Ֆորումի նպատակն է`
- ներկայացնել ՀՀ-ում որակի ապահովման գործընթացները, արդիական խնդիրները և լուծման ուղիները,
- ծանոթանալ մասնագիտական կրթության որակի ապահովման լավագույն ծրագրերին.
- իրականացնել փորձի փոխանակում,
- համատեղ մշակել որակի համակարգերի զարգացման նպատակային առաջարկություններ, որոնք կարտացոլեն ներքին և արտաքին մոտեցումները՝ բարելավելով եղածն ու ստեղծելով հետագա առաջընթացը նախանշող նոր արդյունավետ մեխանիզմներ:
Ֆորումի ընթացքում կանցկացվեն նաեւ վերապատրաստումներ հետեւյալ թեմաներով.
- ՈԱԱԿ-ի մոտեցումները. ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրում
- Որակի ներքին ապահովման համակարգ
- Ինքնավերլուծության մեթոդաբանություն եւ գործիքներ
Ֆորումի շրջանակում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ներկայացնելու զեկույցներիրենց փորձի, կատարած հետազոտությունների, ուսումնասիրությունների վերաբերյալ եւ մասնակցելու քննարկումերի, ծանոթանալու ոլորտի փորձագետների կարծիքների հետ հետեւյալ թեմաների շուրջ.
- «Մասնագիտական կրթության որակի բարելավման մեխանիզմներ»,
- «ՄՈՒՀ-ի որակի ապահովման ներքին համակարգի խնդիրները և գործառույթները»,
- «Միջազգային համագործակցություն կրթության որակի ապահովման գործընթացում»,
- «Մասնագիտական կրթության որակի ապահովում. մեթոդոլոգիա, քաղաքականություն և պրակտիկա»,
- «Կրթական ծրագրերը և նախագծերը` իբրև մասնագիտական կրթության որակի ապահովման երաշխիք»:
Հավելենք, որ ֆորումի օրերին կկազմակերպվի նաեւ որակի ապահովման գործընթացի վերաբերյալ ՈԱԱԿ-ի հրատարակած փաստաթղթերի ցուցադրումը: