Մասնագիտական կրթության համակարգում առկա մարտահրավերները և դրանց լուծման հնարավորություններն էին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի և կրթության ապագա կառավարիչների հանդիպման օրակարգում։ Փետրվարի 24-ին ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում Երևանի պետական համալսարանի, Բրյուսովի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և Վանաձորի պետական համալսարանի կրթության կառավարում մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրեցին, թե ինչ խնդիրներ են տեսնում կրթական համակարգում, ինչն է, որ կփոխեին իրենց ուսումնառության գործընթացում, ինչպիսին են տեսնում իրենց տեղը և դերը կրթության որակի ապահովման ապագա գործընթացներում։
Կարևորվեց, որ ուսումնառության ընթացքում ուսանողները, մասնագիտական կարողություններից և հմտություններից բացի, սովորեն լինել պարտաճանաչ, հետևողականորեն կատարեն տրվող հանձնարարականները և պատկերացնեն աշխատանքի ողջ շրջափուլը և դրանից բխող պատասխանատվությունը գործատուի միջավայրում։
Ուշադրության առանցքում էր որակավորումների արժանահավատ շնորհման հարցը․ որքանով է ՄՈՒՀ-ը պատասխանատու մրցունակ մասնագետներ պատրաստելու համար, որն է ուսանողի դերը և պատասխանատվությունն այս հարցում։
Քննարկվեց նաև որակի ապահովման մշակույթի տարածումն ուսումնական հաստատություններում և այն մինչև լսարան հասցնելու անհրաժեշտությունը։ Կարևորվեց ուսանողների մասնակցությունը որակի ապահովման գործընթացներին։ Կրթության ապագա կառավարիչներին ներկայացվեցին ՈԱԱԿ-ի հետ համագործակցությամբ արդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու և կարիերա ստեղծելու հնարավորությունները, ՈԱԱԿ-ի կողմից ուսանողների խրախուսմանն ուղղված ծրագրերը։