Փորձագետներ

Փորձագետների դերը

Որակի արտաքին ապահովման` հավատարմագրման, գործընթացների իրականացման համար ՈԱԱԿ-ն օգտվում է բարձրակարգ փորձագետների ծառայություններից, ովքեր իրականացնում են նախնական ուսումնասիրություններ, կատարում են այցեր ուսումնական հաստատություններ և փորձաքննության արդյունքների հիման վրա ներկայացնում են փորձագիտական զեկույց:

Արտաքին փորձագետների ընտրությունը հավատարմագրման գործընթացի կարևորագույն խնդիրներից է, քանի որ մասնագիտական կըրթության շահակիցների կողմից հավատարմագրման որոշումների ճանաչումը մեծապես կախված է թե՛ արտաքին փորձագետների ընտրության չափանիշների պահպանումից և թե՛ սահմանված ընթացակարգերի իրականացումից:

Փորձագիտական խմբում ընդգրկվող բոլոր մասնագետները և ուսանողներն ընտրվում են ՈԱԱԿ-ի կողմից մշակված և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հստակ ընթացակարգի միջոցով: Խմբերը ձևավորվում են մասնագիտական բարձր որակներ ունեցող, անվանի տեղացի և միջազգային փորձառու մասնագետներից, ովքեր տիրապետում են որակի ապահովման գործընթացներ իրականացնելու որոշակի հմտությունների: Փորձագետներն ընտրվում են՝ հաշվի առնելով նրանց գրավոր և բանավոր հաղորդակցվելու, հանդիպումներ, ֆոկուս խմբային քննարկումներ վարելու, մեծ քանակությամբ տեղեկատվություն վերլուծելու կարողությունները, ինչպես նաև անձնային այնպիսի հատկությունները, որոնք թույլ կտան ապահովել անկողմնակալ և օբյեկտիվ գնահատում:

ՈԱԱԿ-ն իրականացնում է փորձագիտական խմբի անդամների վերապատրաստումներ` վերոնշյալ հմտությունները և կարողությունները հավատարմագրման գործընթացում արդյունավետ կիրառելու համար:

 

Ովքե՞ր կարող են դիմել

Փորձագետներին ներկայացվող պահանջները

Հավատարմագրման նպատակից ելնելով` ՈԱԱԿ-ը ձևավորում է երկու տեսակի փորձագիտական խմբեր`ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման համար:

Փորձագիտական խմբերը ձևավորվում են հետևյալ սկզբունքով`

  1.  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից,
  2.  կրթության կառավարման ոլորտի ներկայացուցիչներից,
  3.  միջազգային փորձագետ,
  4.  ուսանող,
  5.  մասնագիտական կամ տնտեսության տվյալ ոլորտի ներկայացուցիչներից/ գործատուներից (ծրագրային հավատարմագրման դեպքում):

Միջազգային փորձագետն ընտրվում է որակի ապահովման միջազագային հեղինակավոր որևէ կազմակերպության կամ ՈԱԱԿ-ի միջազգային փորձագետների բազայից:

Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները պետք է ունենան`

  •  ինստիտուցիոնալ կամ մասնագիտության կրթական ծրագրերի գնահատման կամ փորձաքննության փորձառություն,
  •  համապատասխան մասնագիտական ոլորտում ծավալած գործունեության փորձառություն,
  • փորձաքննության կամ կրթության որակի գնահատման փորձ,
  •  կրթրության կառավարման փորձ (ցանկալի է),
  •  դասավանդման, հետազոտության կամ գնահատման միջազգային փորձ,
  •  ծրագրերի մշակման և մշտադիտարկման, մեթոդաբանության և փորձաքննության փորձ,
  •  ինչպես նաև մասնակցություն հավատարմագրման կամ փորձաքննության անցկացման վերաբերյալ վերապատրաստումներին:

Կրթության կառավարման ոլորտի ներկայացուցիչները պետք է ունենան՝ 

  •  մասնագիտական փորձաքննության իրականացման փորձ,
  •  քաղաքականության և ընթացակարգերի մշակման փորձ,
  •  միջազգային համագործակցության փորձ,
  •  հավատարմագրման կամ փորձաքննության անցկացման վերաբերյալ վերապատրաստումներին մասնակցություն:

Փորձագիտական խմբերում ընդգրկվում են ուսանողներ, ովքեր՝

  •  սովորում են բակալավրիատի բարձր կուրսերում կամ մագիստրատուրայում և ունեն հասարակական գործունեության փորձ,
  •  մասնակցել են հավատարմագրման կամ փորձաքննության անցկացման վերաբերյալ վերապատրաստումներին

Մասնագիտական կամ տնտեսության տվյալ ոլորտի ներկայացուցիչները/ գործատուները պետք է ունենան`

  •  մասնագիտական փորձաքննության իրականացման փորձ,
  •  աշխատանքի ընդունելու և շրջանավարտների հետ աշխատելու փորձ (մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտ),
  •  հավատարմագրման կամ կրթության որակի գնահատման փորձ,
  •  միջազգային փորձ,
  •  հաստատության կառավարման փորձ (ցանկալի է),
  • ինչպես նաև մասնակցություն հավատարմագրման կամ փորձաքննության անցկացման վերաբերյալ վերապատրաստումներին.

Բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձագետների համար գիտական աստիճանի և գիտական կոչման, իսկ միջին մասնագիտական հաստատությունների համար՝ առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանի առկայությունը պարտադիր է:

Լեզվի իմացություն: Տեղացի փորձագետները պետք է ունենան հայերենի (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն: Փորձագիտական խմբի տեղացի անդամներից առնվազն մեկը պետք է տիրապետի անգլերենին:

Փորձագետները պետք է ունենան նաև ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների կիրառման հմտություններ և գիտելիքներ`

  •  ՈԱԵՉՈՒ-ի վերաբերյալ խորը գիտելիքներ և դրանց կիրառման հմտություններ,
  •  ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշների, չափորոշիչների, ընթացակարգերի և նրանց գործառման վերաբերյալ խորը գիտելիքներ,
  •  ՈԱԱԿ-ի գնահատման մեթոդների վերաբերյալ խորը գիտելիքներ,
  •  իրավիճակներից կախված` հավատարմագրման չափանիշների ճիշտ մեկնաբանության և կիրառման հմտություններ:

Փորձագետի անձնային հատկանիշները

Փորձագետը պետք է՝

  •  լինի պատրաստակամ` ընդունելու տարբեր գաղափարներ և տեսակետներ,
  •  ունենա հստակ դատողություններ կատարելու կարողություն, վերլուծական հմտություններ,
  •  ունենա տարբեր իրավիճակներին իրատեսական գնահատական տալու ունակություն՝ հասկանալով բարդ գործառույթները և ՄՈւՀ-ի բաղկացուցիչ միավորների դերը,
  •  ունակ լինի տարբերակելու առավել կարևոր դրույթները նվազ կարևորներից,
  •  լինի արդար, անկեղծ, ազնիվ և խոհեմ,
  •  լինի հաղորդակցական. նրբանկատորեն կարողանա հաղորդակցվել մարդկանց հետ,
  •  լինի ուշադիր, քաջատեղյակ շրջապատում կատարվող գործողությունների և սովորույթների վերաբերյալ,
  •  կարողանա կայացնել որոշումներ, կատարել խոհեմ եզրակացություններ և վերլուծություններ,
  •  լինի վստահ իր ուժերին, գործի անկախ՝ արդյունավետորեն համագործակցելով մյուսների հետ:

Փորձագետները պետք է ունենան վերոնշյալ հատկությունները, որպեսզի`

  •  կարողանան հավաքել հավաստի տվյալներ և հիմքեր,
  •  մնան հավատարիմ գնահատման նպատակներին,
  •  իրականացնեն գնահատման գործընթացն առանց շեղումների,
  •  ճիշտ արձագանքեն լարված իրավիճակներին,
  •  հանգեն խմբի բոլոր անդամների կողմից ընդունելի եզրակացությունների՝ հիմնվելով գնահատման ընթացքում հավաքագրված հավաստի տեղեկատվության վրա,
  •  հավատարիմ մնան իրենց եզրակացություններին, եթե նույնիսկ իրենց վրա ճնշում է գործադրվում` փոխելու այդ եզրակացությունները՝ առանց օբյեկտիվ հիմնավորումների:

 

Ինչպե՞ս դառնալ փորձագետ

ՈԱԱԿ փորձագետ դառնալու համար հարկավոր է.

  • Գրանցվել փորձագետների նախնական բազայում,
  • ՈԱԱԿ-ի կողմից ստանալ գրանցման հաստատում՝ փորձագետին ներկայացվող պահանջներին համապատասխանելու դեպքում,
  • Մասնակցել փորձագետների համար կազմակերպվող դասընթացներին ու վերապատրաստումներին: 

 Փորձագետների նախնական բազայում գրանցվելու համար պետք է մուտք գործել http://forms.anqa.am կայքէջ  և գրանցվել, ինչպես ներկայացված է հղման ներքո տեղադրված ուղեցույցում: Գրանցվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ՈԱԱԿ մասնագետները կդիտարկեն փորձագետի թեկնածուի տվյալները, դրանց համապատասխանությունը փորձագետին ներկայացվող պահանջներին, որից հետո գրանցումը կհաստատվի, իսկ անհամապատասխանության դեպքում՝ կմերժվի: Բազայում ընդգրկվելու դեպքում անհրաժեշտ  է ժամանակ առ ժամանակ թարմացնել անձնական տվյալները՝ ներկայացնելով նոր ձեռքբերումները և փորձը: 

Նախնական բազայում ընդգրկված փորձագետների համար  պարբերաբար վերապատրաստումներ կիրականացվեն: ՈԱԱԿ-ը կազմակերպում է նախնական վերապատրաստում փորձառություն չունեցող մասնագետների համար՝ երաշխավորելու, որ նրանք իրավասու են կատարելու գնահատում։ Դասընթացը հաջողությամբ ավարտած թեկնածուները փորձնական գնահատում իրականացնելու հնարավորություն կստանան: Փորձնական գնահատման անբավարար արդյունքների  պարագայում  փորձագետի թեկնածուն չի ներգրավվի գնահատումներում, կամ ստիպված կլինի ընդգրկվել լրացուցիչ վերապատրաստման դասընթացներում։

ՈԱԱԿ-ն արդեն որակավորված փորձագետների համար ևս պարբերաբար իրականացնում է դասընթացներ և վերապատրաստումներ՝ նրանց տեղեկացնելով նոր կամ վերամշակված ընթացակարգերի և պահանջների մասին, ինչպես նաև հնարավորություն տալով իրականացնել փորձի փոխանակում: ՈԱԱԿ-ը պարտադիր է համարում այն, որ փորձագետները շարունակաբար մասնակցեն պարբերաբար անցկացվող վերապատրաստումներին` արդեն ձեռք բերած փորձագետի կարգավիճակը պահպանելու համար:

Փորձագետների համար կազմակերպվող դասընթացներին տեղեկանալու համար հարկավոր է հետևել ՈԱԱԿ կայքի «Իրադարձություններ» բաժնի թարմացումներին:

Առաջիկա պլանավորված հավատարմագրման համար փորձագիտական խումբ կազմելու համար համակարգողը, հիմնվելով փորձագետների բազայի վրա, գործընթացի համար ընտրում է համապատասխան թեկնածուներին և այնուհետև ձևավորում փորձագիտական խմբի նախնական կազմը:

Մինչև փորձագիտական խմբում ընդգրկվելը յուրաքանչյուր փորձագետ պարտավոր է ՈԱԱԿ-ին գրավոր տեղեկացնել տվյալ ուսումնական հաստատության հետ շահերի բախմանը հանգեցնող ցանկացած խնդրի մասին և ստորագրել շահերի բախումը բացառող հավաստագիր: Փորձագիտական խմբում ընդգրկվելուց հետո պետք է ստորագրել գաղտնիության և անկողմնակալության մասին պարտավորագիրը: Փորձագիտական խումբն իրականացնում է ուսումնասիրություն՝ հիմնվելով ՈԱԱԿ-ի սահմանած պահանջների և ընթացակարգային սկզբունքների վրա:

 

Փորձագետների էլեկտրոնային  բազայում գրանցվելիս խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք նամակ գրել expert@anqa.am էլ. փոտին կամ զանգահարել 010229145, 098966847 հեռախոսահամարներով: